Արմինֆո.Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, Ուեսս Միթչելը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում։
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար` ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը և պատրաստ է շարունակել դրանց առավել զարգացման ուղղությամբ աշխատանքը։
Զոհրաբ Մնացականյանը և Ուեսս Միթչելը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր։ Կողմերը անդրադարձել են հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ու Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեությանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հրատապ խնդիրների շուրջ։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին` նախարար Մնացականյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների արժեքավոր հանձնառությունը՝ աջակցելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: