Արմինֆո.Ստեփան Մնացականյանը նշանակվել է Վիճակագրության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում՝ 6 տարի ժամկետով: Այդ մասին որոշում ընդունվել է ՀՀ կառավարության մայիսի 17-ի նիստում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել լրջորեն աշխատել պաշտոնական վիճակագրության վստահելիության մակարդակը հանրության շրջանում բարձրացնելու ուղղությամբ:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, գործող օրենսդրությունը և տրամաբանությունը հուշում են, որ վիճակագրությունը պետք է դուրս լինի քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից: «Մեր կառավարությունը մտադիր է հենց այդ խնդիրը լուծել: Կոմիտեի կազմը նույնը թողնելով՝ կստեղծենք իրավիճակ, երբ այն բալանսավորված կլինի, այսինքն՝ իսկապես կոմիտեի լիարժեք անկախություն ապահովվի, որովհետև սա օգտակար է նաև կառավարության համար»,- ասել է Փաշինյանը:
Դիմելով կոմիտեի նախագահին՝ նա հույս է հայտնել, որ խնդիրը կլուծվի: «Եկեք ուղիղ նայենք փաստերին և արձանագրենք, որ հանրությունը հաճախ կասկածի տակ է դնում վիճակագրության կոմիտեի ոչ թե թվաբանությունը, այլ բովանդակությունը: Շատ կարևոր է, որ ճշգրիտ թվեր ունենանք, և չկասկածենք դրանց»,- նշել է նա:
Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ նշանակվել են նաև Վիճակագրական պետական խորհրդի անդամները: Ավելի վաղ Փաշինյանը, լինելով ընդդիմություն, խիստ քննադատության էր ենթարկում կոմիտեի գործունեությունը և վերջինիս ղեկավար Ստեփան Մնացականյանին