Արմինֆո. Լայնամասշտաբ պատերազմի պատրաստակամության մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս Բաքվի իրական էությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Նմանօրինակ հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս Բաքվի իրական դեմքը: Պետք է պատշաճը հատուցենք, որ գոնե այս անգամ նրանք չեն ստում»,- ասել է Բաբայանը: Այս համատեքստում նա ընդգծել է բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության և հայկական կողմերի ջանքների կարևորությունը:
Այն հարցին, թե արդյոք Հայաստանի ներքաղաքական ճգնաժամն անդրադարձել է առաջնագծում իրավիճակի վրա՝ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը հավաստել է, որ եթե իրավիճակը վատ սցենարով գնար և արյուն թափվեր, հակառակորդն, անշուշտ, կօգտվեր դրանից: «Բարեբախտաբար, կանխատեսումները չարդարացան, և Հայաստանն այսօր պետք է ձգտի սեղմ ժամկետներում վերականգնել երկրի բնականոն կենսառիթմը: Եվ բոլոր քաղաքացիները պետք է ջանք գործադրեն դրա համար, անկախ այն բանից ընդդիմադիր են, թե՞ իշխանության ներկայացուցիչ»,- ասել է նա:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ՊՆ ղեկավարության մասնակցությամբ խրհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը պատրաստ են լայնամասշտաբ մարտական գործողությունների: Հասանովը հանձնարարել էր «մշտական վերահսկողության տակե պահել հակառակորդի գործողությունները ռազմաճակատի գծում ու պաշտպանության խորքում և վճռական միջոցներ ձեռնարկել՝ «թշնամու հնարավոր սադրանքները» կանխելու նպատակով: Զաքիր Հասանովը պատասխանել էր Հայաստանի նոր վարչապետի հայտարարություններին՝ «անընդունելի» անվանելով դրանք, և նախազգուշացրել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ ադրբեջանական բանակը լիովին պատրաստ է լայնամասշտաբ պատերազմի: