Արմինֆո. «Մենք բոլորս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, հուսով էինք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում լուծումներ կգտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ցավոք, կողմերից մեկը` պարոն Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու՚, - հայտարարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի և ՍարժՍարգսյանի հանդիպմանը ։
«Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ, քանի որ կողմերից մեկի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր, պայմանավորվելու ցանկություն չենթադրող։ Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ քաղաքացիներին, որպեսզի դրսեւորեն զգոնություն եւ սթափություն: Մեր գերնպատակը շարունակում է մնալ երկրի կայունությունը և դրա համար անհրաժեշտ լուծումների ապահովումը, երկրի բնականոն կյանքը չխաթարելը՚, - ասվում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
Այսօր առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսվող երկխոսություն չի կայացել: «Ինձ թվում է, որ թյուրըմբռնում կա մեր այսօրվա հանդիպման վերաբերյալ՚, - հայտարարել է բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը` սկսելով հանդիպումը վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես նշել է Փաշինյանը, խոսքը վերաբերում է ոչ թե երկխոսությանը, այլ այն օրակարգին, որի շուրջ պետք է ընթանա այս հանդիպումը: «Ես այստեղ եկել եմ քննարկելու ձեր խաղաղ հեռացման պայմանները՚, - պարզաբանել է նա:
«Սա երկխոսություն և բանակցություն չէ: Սա վերջնագիր է և շանտաժ օրինական իշխանության և պետության հանդեպ: Ինձ թվում է, դուք չեք հասկանում պատասխանատվության աստիճանը և դասեր չեք քաղել մարտի 1-ից՚, - իր հերթին հայտարարել է Սերժ Սարգսյանը: «Եթե դուք շարունակեք նույն ոգով, ապա ես ստիպված կլինեմ ձեզ խորհուրդ տալ գալ օրինական դաշտ և մնալ տրամաբանության շրջանակում: Հակառակ դեպքում, ողջ պատասխանատվությունը և հետագա հետևանքները կընկնեն ձեզ վրա՚, - շարունակել է նա:
Փաշինյանը նշել է, որ իրավիճակը երկրում փոխվել է, և վարչապետը չի գիտակցում, թե հանրապետությունում ինչ իրավիճակ է ստեղծվել: «Այն այնպիսին չէ, ինչպես` 15-20 օր առաջ՚, - հայտարարել է նա:
Սարգսյանը նշել է, որ խորհրդարանական ընտրություններում 7-8 տոկոս ձայն հավաքած կուսակցությունն իրավունք չունի խոսել ժողովրդի անունից: «Պարոնայք լրագրողներ, ինքներդ հետևություններ արեք՚, - հայտարարել է Սերժ Սարգսյանը ԶԼՄ ներկայացուցիչներին և հեռացել:
Հայտարարելով, որ Սերժ Սարգսյանը կորցրել է համարժեքության զգացողությունը, Նիկոլ Փաշինյանը բոլոր քաղաքացիներին կոչ է արել կրկնապատկել քաղաքացիական անհնազանդության ակցիաները: