Արմինֆո.Ապրիլի 20-ի վաղ առավոտից բողոքի ակցիայի մասնակիցները շրջափակել են Քոչար-Գյուլբենկյան խաչմերուկը: Լարված իրավիճակ է ստեղծվել բողոքի ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև: «Քայլ արա` մերժիր Սերժին՚ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ է արել տեղի չտալ սադրանքներին և հավատարիմ մնալ ակցիաների խաղաղ գծին:
«Հարգելի վարորդներ, թողեք ձեր մեքենաները և միացեք մեզ: Արեք ձեր քայլը՚, - դիմել է Փաշինյանը վարորդներին: Նա նաև դիմել է ֆուրերի վարորդներին և նրանց կոչ արել շրջափակել փողոցները: Ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ արդեն ամեն ինչ պատրաստ է ևս մի շարք խոշոր փողոցներ շրջափակելու համար: Նրա ասելով, հարկավոր է ցույց տալ, որ Սերժ Սարգսյանն իրավիճակը չի վերահսկում: Պատգամավորը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Սփյուռքի կազմակերպություններին` գործուն աջակցության համար:
Նա դատապարտել է Տիգրան Մազմանյանին կալանավորելու դատարանի որոշումը` Հանրային ռադիկոյի շենքի մոտ անկարգություններին մանսակցելու մեղադրանքով: Նա կրկին հայտարարել է, որ Ռադիոյի տան մոտ իրավիճակի համար ողջ պատասխանատվությունն իր վրա է ընկնում, և անընդունելի է համարել ակտիվիստներին վախեցնելու փորձերը: «Կոչ եմ անում տեղի չկալ այդ ահաբեկումներին, քանի որ մեր ալիքաձև շարժումն իր կուլմինացիային կհասնի հաղթանակի տեսքով՚, - հայտարարել է Փաշինյանը:
Ոստիկանության ներկայացուցիչներն, իրենց հերթին, ակցիայի մասնակիցներին կոչ են անում չխախտել հասարակական կարգը և ապաշրջափակել երթևեկությունը, չթեժացնել իրավիճակը: Խաչմերուկի տևական շրջափակումից հետո ակտիվիստները շարունակել են երթը Երևանի փողոցներով: