Արմինֆո. Տեխնիկական վրիպակի պատճառով մարտի 30-ին Ազգային ժողով է ուղարկվել Պաշտպանի տարեկան հաղորդման ոչ վերջնական տարբերակը, որտեղ «Ընտրական իրավունք» բաժնից դուրս են մնացել Պաշտպանի կողմից արձանագրված կարևոր դիտարկումներ։ Տարեկան հաղորդման վերջնական տարբերակն արդեն ներկայացվել է Ազգային ժողով։ Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության մեջ:
«Հարկ ենք համարում ընդգծել, որ «Ընտրական իրավունքե բաժինը պարունակում է մանրամասն վերլուծություն 2017 թվականին տեղի ունեցած ընտրական գործընթացների, ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի, այդ թվում՝ հանրային ծառայողների (դպրոցների աշխատակիցների) վրա ճնշումներ գործադրելու, այդ ռեսուրսի չարաշահման, ինչպես նաև այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու նպատակով ընտրողներին ահաբեկելու հարցերի վերաբերյալ: Զեկույցում արձանագրված է, որ այդ իրողությունները բացասական ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից, ինչպես նաև առաջ են բերել մտահոգություններ ընտրողների կողմից իրենց կամքի ազատ արտահայտման վերաբերյալ»,- ասված է հաղոդագրության մեջ:
Հատկանշական է, որ «տեխնիկական վրիպակը» Օմբուդսմենի գրասենյակը նկատել և վերացրել է ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներից հետո միայն, որոնք, հայտնաբերելով այս փաստը, շտապել են մարդու իրավունքների պաշտպանին «կիսապաշտպան», «Հանրապետական կուսակցության օմբուդսմեն» որակումներ տալ: