Արմինֆո. Վերջին 26 տարում ընդհանուր ջանքերով Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը հասցվել են դաշնակցային փոխգործակցության նոր որակական մակարդակի: Այդ մասին ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանության հայտարարությունում, որը տարածվել է Երևանի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 26-ամյակի կապակցությամբ:
Հայտարարության մեջ նշվում է, որ 2018 թվականի ապրլիի 3-ին լրացավ Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 26 տարին: «Երկկողմ համագործակցության ամուր հիմք են Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության շուրջ 1997 թ. օգոստոսի 29-ի պայմանագիրը և 2000 թ. սեպտեմբերի 26-ի Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ դաշնակցային համագործակցության հռչակագիրը, որը կողմնորոշված է XXI դարին», - նշված է Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության հայտարարությունում:
Հայտարարությունում նշվում է, որ բարձր ինտենսիվությամբ է բնութագրվում ամենաբարձր և բարձր մակարդակի բովանդակալից և վստահական քաղաքական երկխոսությունը, շարունակվում է արդյունավետ փոխգործակցությունը երկու երկրների բարձրագույն օրենսդիր մարմինների, նախարարությունների եւ գերատեսչությունների գծով: Նշվում է նաև տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարիական հանձնաժողովների արդյունավետ աշխատանքը: «Ռուսաստանն ու Հայաստանը վճռական են եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջընթաց զարգացման գործում: Միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ երկու պետությունների դիրքորոշումների համընկնումը կամ մերձությունը նպաստում են արդյունավետ արտաքին քաղաքական փոխգործակցությանը, այդ թվում` ՄԱԿ, ՀԱՊԿ, ԵԽ, ՍՏՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում՚, - ասվում է ՌԴ դեսպանության հայտարարությունում: Նաև հիշեցվում է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է և գլխավոր ներդրողը Հայաստանի տնտեսությունում: «Այս շրջանում մեր երկրների ձեռք բերած զգալի հաջողությունները լավատեսություն են ներշնչում և տրամադրում դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը նպատակաուղղված հետագա աշխատանքի` ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների, ի շահ Անդրկովկասում անվտանգության և կայունության ապահովման՚, - ասվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հայտարարությունում: