Արմինֆո. Ռուսաստանի նախագահի ընտրություններում Վլադիմիր Պուտինին աջակցության բարձր տոկոսը, ամենայն հավանականությամբ, քարոզչության օրինաչափ արդյունք է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Վերոնիկա Արթենյանը, Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին քվեարկել է Հայաստանի տարածքում գտնվող ռուսաստանցի ընտրողների 90-92 տոկոսը: Երևանում քվեարկությանը մասնակցել է շուրջ 5000 ՌԴ քաղաքացի, ավելի քան 1200 մարդ քվեարկել է Գյումրիում:
«Գրիգորի Յավլինսկուն, Պավել Գրուդինինին և Սերգեյ Բաբուրինին Հայաստանում քչերը գիտեն՝ չխոսելով արդեն նրանց ծրագրերի մասին: Իսկ Վլադիմիր Պուտինին Հայաստանում շատ լավ գիտի յուրաքանչյուրը, ով դիտում է Ռուսական հեռուստատեսության առաջին և երկրորդ ալիքները: Բոլորին հայտնի է, որ Առաջին ալիքը և Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունը բավական ակտիվ են աշխատում, այդ թվում՝ Հայաստանում: Եվ տեղեկատվական հոսքերը, զանգվածային գիտակցության մեջ արմատավորման նպատակով, համապատասխան կերպ են կառուցված»,- նշել է նա:
Որպես Պուտինի օգտին քվեարկության երկրորդ գործոն՝ Իսկանդարյանը նշել է Ռուսաստանի քաղաքացիների «հայրենասիրական» տրամադրվածությունը, ովքեր որքան հնարավոր է հեռու են ապրում Ռուսաստանից, ըստ որում՝ ամենևին ոչ միայն Հայաստանում: Նա նաև նշել է Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիների բավական ոչ բարձր մասնակցությունը՝ ընդգծելով, որ, ոչ պաշտոնական տվյալներոգվ, հանրապետությունում ռուսական անձնագիր ունեցող շուրջ 100 հազար հայ է ապրում:
«Ավելի լուրջ, առարկայական վերլուծության համար ինձ թվեր են հարկավոր: Պետք է իմանալ ընտրողների սոցիալական դրությունը, կրթությունը, մի շարք այլ գործոններ, որոնք կարող են պատասխանել ռուսական անձնագիր ունեցող հայերի շրջանում Պուտինի նման հանրաճանաչության պատճառների մասին հարցին: Նույնիսկ Հայաստանի քաղաքացի հայերը և Ռուսաստանի քաղաքացի հայերը միանգամայն տարբեր սոցիալական շերտեր են: Եվ ամբողջական պատկեր ստանալու համար անհրաժեշտ է համապատասխան բավական լուրջ աշխատանք կատարել»,- ընդգծել է քաղաքագետը:
Նշենք, որ ԱրմԻնֆո-ի թղթակցին պարզաբանելով Վլադիմիր Պուտինի օգտին քվեարկության իր շարժառիթը՝ Երևանում քվեարկությանը մասնակցած ՌԴ քաղաքացին, իր ընտրությունը պայմանավորել է այլընտրանքի բացակայությամբ: «Ընդդիմությունը վաղուց ապացուցել է իր անկենսունակությունը, իսկ Պուտինը բարձրացրել է Ռուսաստանի խաթարված հեղինակությունը միջազգային ասպարեզում: Այդ պատճառով, այսօր ես քվեարկում եմ նրա օգտին, ով արժանապատվորեն կպաշտպանի Ռուսաստանի շահերը միջազգային ասպարեզում»,- հայտարարել է նա:
Ռուսաստանի ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հավաքել է ընտրողների ձայների 76,67 տոկոսը: ՌԴ նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով: