Արմինֆո. Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական ձևաչափի համագործակցությունը ռազմավարական և գլոբալ բնույթի է: Մարտի 13-ին ՀՀ Ազգային ժողովում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստում այդ մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նրա ասելով, նիստի ընթացքում կքնարկվեն հայ-ռուսական համագործակցության օրակարգի կարևորագույն հարցերը:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն, իր հերթին, նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները վաղուց դուրս են եկել արարողակարգային խորհրդարանական երկխոսության շրջանակից: Նրա ասելով, համատեղ նիստում քննարկվելու են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր: Կոսաչովն ընդգծել է նման նիստերի և հանդիպումների արդյունավետության փաստը: «Հայ-ռուսական համագործակցությունն իր զարգացումն է պահանջում նաև կառուցվածքային մակարդակում, մասնավորապես, նկատի ունենք ԵԱՏՄ: Այդ կառույցի շրջանակում մեր համագործակցությունը շատ կարևոր է և պահանջում է մշտական ուշադրություն թե Ռուսաստանի, թե Հայաստանի խորհրդարանականների կողմից՚, - ամփոփել է Կոսաչովը, հավելելով, որ կողմերը կքննարկեն նաև համագործակցությունը 7 խորհրդարանական կառույցներում, ինչպես` ԵԽԽՎ:
Այսօր առավոտյան ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակությունը՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին: Կոնստանտին Կոսաչովը գրառում է կատարել հուշամատյանում: