Արմինֆո. Ժնևում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնին:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ գերագույն հանձնակատար ալ-Հուսեյնը բարձր է գնահատել Հայաստանի հետևողական ջանքերը միտված մարդու իրավունքների պաշտպանությանը և ողջունել ցեղասպանությունների և մադկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնողական քայլերը:
Նախարար Նալբանդյանը հանձնակատար ալ-Հուսեյնին ներկայացրել է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակի կապակցությամբ Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանին Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման նոր բանաձևը։
Հանդիպման օրակարգում էր Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը և դրանից բխող կառավարման խորհրդարանական համակարգին անցումը:
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը առավել ամրապնդելու ժողովրդավարական հաստատաությունները, օրենքի գերակայությունը, դատական համակարգը, արդյունավետ կառավարումը, շարունակել բարեփոխումների գործընթացը՝ հենվելով գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի աջակցության վրա։
Հանդիպմանը անդրադարձ է արվել Մերձավոր Արևելքում իրավիճակին և դրա հետևանքով առաջացած փախստականների հոսքերին։ Այս առումով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը դրական է համարել փաստականներին ընդունելու և ինտեգրման ծրագեր իրականացնելու Հայաստանի փորձը։