Արմինֆո. «Ծառուկյան՚ դաշինքը ՀՀ նախագահի ընտրությունից հետո կհամալրի կառավարող կոալիցիայի շարքերը: Հենց դրանով է պայմանավորված խորհրդարանում ընտրությանը ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու դաշինքի որոշումը: Ինչպես հայտնի է, առանց դաշինքի աջակցության Սարգսյանին չէր հաջողվի ձայների ¾-ը հավաքել առաջին փուլում, քանի որ դրա համար ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն անհրաժեշտ քանակությամբ մանդատներ չունեն:
Կոալիցիային մոտալուտ միացման առնչությամբ, ինչպես հաղորդում են ԱրմԻնֆո-ի աղբյուրները, դաշինքի ներկայացուցիչներին պատվիրվել է չափավորել եռանդը իշխանություններին քննադատելիս: Նրանցից շատերն, ընդհանրապես, հայտնվել են անհարմար վիճակում, քանի որ ստիպված են զանգահարել ԶԼՄ-ներին և խնդրել սրբագրել ավելի վաղ կառավարության հասցեին հնչեցրած իրենց քննադատությունը: Դաշինքի մյուս «ականավոր՚ ներկայացուցիչներն այս օրերին, ընդհանրապես, նախընտրում են լռել և ԶԼՄ-ների հետ չշփվել` պատահաբար ավելորդ բան չասելու նպատակով:
Կոալիցիային միանալու նախաշեմին «Ծառուկյան՚ դաշինքը մտադիր է ակտիվացնել նաև մեդիա-ռեսուրսները, որոնց գործունեությունը խորհրդարանական ընտրություններում անհաջողությունից հետո (Գագիկ Ծառուկյանը ակնկալում էր խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստանալ ձայների 50+1 տոկոսը) դադարեցվել էր:
Այդպիսով, «Ծառուկյան՚ դաշինքը պատրաստվում է միանալ կոալիցիային: Որպես փոխհատուցում դաշինքն ակնկալում է փոխվարչապետի երեք պաշտոններից մեկը, ինչպես նաև մի շարք նախարարական պորտֆելներ: Առայժմ հայտնի չէ, թե հատկապես որ նախարարական պաշտոնները կվերապահվեն դաշինքին, և ով կզբաղեցնի փոխվարչապետի պաշտոնը: Այդ հարցերը կքննարկվեն մարտի 2-ին ՀՀ նախագահի ընտրությունից անմիջապես հետո: