Արմինֆո. Փետրվարի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցելությամբ Հայաստանում գտնվող Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության հետ, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահին անցյալ տարվա նոյեմբերին բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, երախտագիտություն է հայտնել Դոմինիկ դը Բյումանին հայ-շվեյցարական կապերի ամրապնդման ուղղությամբ ներդրած հետևողական ջանքերի համար: Նախարար Նալբանդյանը խորհրդանշական է համարել, որ Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբերի ղեկավարներ Արա Բաբլոյանը և
Դոմինիկ դը Բյումանը ընտրվել են Հայաստանի և Շվեյցարիայի խորհրդարանների նախագահներ։
Շնորհակալություն հայտնելով Հայաստանում շվեյցարական խորհրդարանի պատվիրակության ջերմ ընդունելության համար` Դոմինիկ դը Բյումանը նշել է, որ սա արդեն իր հինգերորդ այցելությունն է Հայաստան, ու հաճելի է տեսնել բարեկամ երկրի առաջընթացը։ Նա հավելել է, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահն իր առաջին պաշտոնական այցելությունն է կատարում Հայաստան, վկայում է հայ-շվեյցարական հարաբերությունները խորացնելու և առավել ընդլայնելու հետաքրքրության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-շվեյցարական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությանը:
Էդվարդ Նալբանդյանը և Դոմինիկ դը Բյուման գոհունակությամբ նշել են, որ միջխորհրդարանական ձևաչափում երկու երկրների միջև հաստատվել է արդյունավետ փոխգործակցություն՝ կարևորելով երկու խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել այս տարի հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Այս համատեքստում Դոմինիկ դը Բյուման հաջողություն է մաղթել գագաթաժողովի կազմակերպման և անցկացման հարցում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: