Արմինֆո.Հունվարի 23-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև շարժունակության շուրջ գործընկերության երկրորդ
բարձրաստիճան հանդիպումը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, ՀՀ
պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ԵՄ կողմից նիստը նախագահում էր Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության Ռազմավարության և ընդհանուր հարցերով տնօրեն Մարթա Ցիգանը։
Կողմերը քննարկել են շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվող ծրագրերը, ուղենշել են ապագա առաջնայնությունները։ Երկուստեք փաստվել է մի շարք ոլորտներում, մասնավորապես սահմանային կառավարման, վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման, միգրացիայի և զարգացման բնագավառներում հաջող նախագծերի փորձը։
Նախարարի տեղակալ Նազարյանն իր ելույթում շեշտել է դեռևս 2014թ-ից ուժի մեծ մտած մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի իրականացման հաջող ընթացքը, կարևորել ԵՄ հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հնարավոր մեկնարկը, որն արտացոլված է ՀՀ-ԵՄ երկկողմ, ինչպես նաև Արևելյան գործընկերության բազմակողմ փաստաթղթերում։ Հայկական կողմից ներկայացվել է մի շարք
առանցքային ոլորտներում իրավական և կարգավորիչ դաշտին առնչվող վերջին զարգացումները, նշվել բարեփոխումների շարունակականությունն ապահովելու պատրաստակամության մասին։
Նիստին մասնկացում էին ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՏԿԶՆ Միգրացիոն պետական ծառայության պաշտոնյաներ, ԱՍՀՆ Զբաղվածության գործակալության, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության, ԵՄ կառույցների, անդամ պետությունների, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: