Արմինֆո. Ղարաբաղի հարցում փոխզիջումը պետք է լինի համարձակ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:
«Ես գիտեմ, թե որքան դժվար է խաղաղություն քարոզել, ուստի ցանկանում եմ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները պսակվեն որոշակի արդյունքով՚, - հայտարարել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը, միևնույն ժամանակ, դրական է համարել հակամարտող երկրների նախագահների յուրաքանչյուր հանդիպում, հույս հայտնելով, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ միջնորդական ջանքերը հաջողությամբ կպսակվեն:
1992 թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների կողմից: Այժմ կարգավորման գործընթացն ընթանում է 2007 թվականին Մադրիդում ԵԱՀԿ ՄԽ հնամանախագահների առաջ քաշած և 2009 թվականին թարմացված «Մադրիդյան սկզբունքների՚ հիման վրա, որոնք, ի թիվս այլ գործողություների, ենթադրում են խաղաղապահ զորակազմի տեղաբաշխում հակամարտության գոտում: