Արմինֆո.Եվրամիությունը կարևոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի ստորագրմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին` «Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը. Հայաստանի կողմից Եվրախորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) հանձնարարականների կատարումը՚ խորհրդաժողովում:
Ինչպես նշել է դեսպանը, եվրոպական կառույցները ջանքեր են գործադրում Հայաստանում արդյունավետ կառավարման հասնելու, կոռուպցիայի դեմ պայքարի և դատական համակարգի ամրապնդման համար: Սվիտալսկին ընդգծել է, որ վերջին ամիսներին Հայաստանը մի շարք կարևոր քայլեր է ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարի գործում, որոնց թվում` հակակոռուպցիոն օրենսդրության բարեփոխումը: Ընդ որում, դիվանագետը նշել է, որ իրական ձեռքբերումները տեսանելի կլինեն, երբ օրենքները կիրառվեն գործնականում:
Նա նաև ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը նոր բնույթ է ստանում Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի ստորագրումից հետո: Սվիտալսկին նաև ուշադրություն է հրավիրել GRECO-ի հանձնարարականները կատարելու անհրաժեշտության վրա` քաղաքականության թափանցիկության մեծացման, այն բիզնեսի և այլ գործոնների ներգործությունից պաշտպանելու համար: «Մենք, մեր կողմից, վճռական ենք տրամադրված այժմ արդեն ստորագրված համաձայնագրի հիման վրա համագործակցությունը շարունակելու հարցում՚, - ամփոփել է նա: