Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց ընտանիքների խնդիրները մնում են Հայաստանի պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում: Այդ առնչությամբ նոյեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզ էին մեկնել Գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի ներկայացուցիչները` Հայաստանի ԶՈՒ ԳՇ օպերատիվ կառավարման պետական մարմինների հետ համագործակցությամբ և սահմանապահ ներկայացուցչության խմբի ղեկավար Սամվել Ասատրյանի գլխավորությամբ: '
Մարզում նրանք հանդիպել են ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհետ կորածների հարազատների հետ: Նման հանդիպումները մշտական բնույթ են կրում: Ասատրյանի գլխավորած պատվիրակությունը Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանի հետ քննարկել է անհետ կորածների հարազատներին սոցիալական օգնության հարցեր: Նիկոյանը հավաստիաիցրել է, որ մարզի ղեկավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել անհետ կորածների հարազատների առողջական խնդիրների լուծմանը: Նրա ասելով, մարզում գործում է հաշմանդամ զինծառայողների և անհետ կորածների հարազատներին առողջապահության ոլորտում աջակցության հանձնաժողով: Ասատրյանի պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են անհետ կորածների հարազատների հետ, որոնց տեղեկացրել են, որ նրանք կարող են բժշկական օգնություն ստանալ պետպատվերի շրջանակում` մարզային բուժկենտրոնում կամ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում` համապատասխան ուղեգրով:
Գեղարքունիքի մարզում 24 մարդ համարվում է ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհետ կորած: ԿԽՄԿ տվյալներով, ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհետ կորած է համարվում 4496 մարդ, որոնցից 400-ը` Հայաստանում, մնացածը` Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում: