Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 14:43
Նաիրա Բադալյան

Մոսկվայի Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում բացվել է մարշալ Բաղրամյանի կիսանդրին

Մոսկվայի Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում բացվել է մարշալ Բաղրամյանի կիսանդրին

Արմինֆո. Մոսկվայում` Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում, նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՊՆ մամուլի ծառայությունից, կիսանդրին Հայաստանի Հանրապետության նվերն է Ռուսաստանի Դաշնությանը՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի 120-ամյակի կապակցությամբ։ Այն թանգարանին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Հաղթանակի թանգարանի կենտրոնական սրահում՝ խորհրդային հրամանատարների պանթեոնում, որը ոգեկոչում է Մեծ հայրենականի հերոսների սխրագործությունը։

 

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, ՀՀ և ՌԴ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Հաղթանակի հրամանատարների հետնորդները, վետերաններ, ռուսաստանյան հասարակական և գիտական ու մշակութային ոլորտի հայտնի գործիչներ ու հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

 

Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրու տեղադրման նախածեռնողը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն է: Քանդակի հեղինակներն են քանդակագործներ Միսակ Մելքոնյանը և Աշոտ Թադևոսյանը:

 

«Թանգարանը գիտություն է ու հիշողություն: Դա պատմությունը վերաքննելու բոլոր միջոցների դեմ ուղղված կարևորագույն գործիքներից մեկն է: Մեզ համար մեծ է պատիվ Հայաստանի Հանրապետության անունից Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանին նվիրաբարել մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին, որի ներդրումը միասնական հաղթանակի կերտման գործում դժվար է գերագնահատել: Հայաստանն ու հայ հասարակությունը այն երկրների ու ժողովուրդների շարքերում են եղել, որոնց միահամուռ ջանքերի շնորհիվ մարդկությունն ու քաղաքակրթությունը փրկվել է 20-րդ դարի ամենամեծ չարիքից՝ ֆաշիզմից: Հայաստանի և հայ ժողովրդի համար այդ հաղթանակը յուրահատուկ նշանակություն է ունեցել: Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձություններից և 1,5 միլիոն հայի կյանք խլած 1915թ. ցեղասպանությունից ընդամենը երեք տասնամյակ անց Հայաստանը` ԽՍՀՄ ամենափոքրաթիվ բնակչություն ունեցող հանրապետություններից մեկը, ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ Մեծ հայրենականին` մոբիլիզացրելով և ռազմաճակատ ուղարկելով 600 հազար հոգու»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
5099

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի