Արմինֆո.Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն աչքի են ընկել մասնակցության բարձր ցուցանիշով: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, մասնակցության նման մակարդակն այդպիսի ընտրություններում վկայում է այն մասին, որ մարդկանց արհեստականորեն ներգրավել են ընտրական գործընթացներում: «Ընտրությունները բավական մրցակցային էին, եղել են ընտրություններում ոչ ֆավորիտների հաղթանակի մի շարք դեպքեր: Անշուշտ, արձանագրվել է ՏԻՄ ընտրություններում քաղաքական կուսակցութունների ցածր մասնակցույթուն, ինչը պայմանավորված է դրանց մասնակցելու համար ռեսուրսների բացակայությամբ: Համայնքների մեծ մասում մրցակցություն է ստեղծվել Հանրապետական կուսակցությունից տարբեր թեկնածումների միջև, ինչը միանգամայն սպասելի էր»,- ասել է փորձագետը: Այս համատեքստում նա ավելացրել է, որ ՏԻՄ ընտրություններն ավելի ապաքաղաքականացված են դառնում, և մարդիկ իրենց ձայնը տալիս են նրանց, ովքեր առաջարկում են համայնքերի հրատապ խնդիրների լուծմանն ուղղված հստակ ծրագրեր:
Նշենք, որ նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը 243 335 է կամ 50.06 %: Ընտրությունների ընթացքում արձանագրվել են մի քանի տասնյակ խախտումներ, որոնք վերաբերել են տեղամասային կենտրոններին հարող տարածքում խմբերով հավաքվելուն, մեքենաների կուտակումներին, քվեարկության գաղտնիությանը, ընտրողներին կաշառք բաժանելուն, քաղաքացիներին ուղղորդելու դեպքերին, ընտրատեղամասերի կահավորման, ինչպես նաեւ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարցերին: Համայնքների ավելի քան 90%-ում ընտրություններում հաղթել է Հանրապետական կուսակցությունը: