Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ մոտ ժամանակներս տեղի կունենա իր հանդիպումը հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարավորումը քննարկելու նպատակով, սակայն հանդիպման վայրը դեռ որոշված չէ:
Ըստ որում, նա համոզմունք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան «ինտենսիվ և սուբստանտիվ»: «Մենք խոսել ենք այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ետ: Նրանք մի շարք առաջարկներ ունեն: ԱԳՆ ղեկավարների հանդիպման հիմնական նպատակը հստակ քննարկումներ վարելն է»,- ասել է ասել է Մամեդյարովը լեհ պաշտոնակից Վիտոլդ Վաշիկովսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Մամեդյարովը «սխալ է» համարել նաև հոկտեմբերի 16-ին Ժնևում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման արդյունքների համաձայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը:
«Նախագահները հանդիպմանը երկար քննարկել են հակամարտության կարգավորման հարցը»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որին մասնակցել էին նաև արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամադյարովը, Մինսկի միջնորդներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում: Համանախագահներն իրենց գոհունակությունն են հայտնել երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած այս ուղիղ բանակցությունների կապակցությամբ: Նրանք պատրաստակամ են մնում աշխատելու կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային հանգուցալուծման միջնորդության ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ, մոտ ապագայում համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու երկու երկրների արտգործնախարարների հետ: