Արմինֆո.Բաքուն հետևողականորեն ձախողում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն: Այդ մասին հայտարարել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը` Երևանում մեկնարկած է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի հարթակներում:
Միրզոյանի ասելով, չնայած հայկական երկու պետությունների, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ ջանքերին` Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը` նպատակ դնելով հարցը լուծել ռազմական ճանապարհով` իր օգտին:
Ինչպես նշել է Արցախի արտգործնախարարը, Բաքուն, սկսած 2016 թվականի ապրիլյան ագրեսիայից, հետևողականորեն բարձրացնում է լարվածության աստիճանն Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում` դրանով իսկ փորձելով ձախողել ցանկացած նախաձեռնություն հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին: Բացի այդ, Միրզոյանի ասելով, Բաքուն շարունակում է միլիտարիզմի և Ադրբեջանի բնակչության շրջանում քսենոֆոբիական տրամադրությունների զարգացման քաղաքականությունը` դրանով իսկ հարվածի տակ դնելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ողջ գործընթացը:
Միրզոյանը նաև մտահոգություն է հայտնել Բաքվի նախաձեռնած սպառազինությունների մրցավազքի առնչությամբ, ինչը կարող է վտանգել ողջ տարածաշրջանի անվտանգությունը: Ստեղծված պայմաններում, ինչպես ընդգծել է նախարարը, Ադրբեջանի ռազմատենչ ոտնձգությունները զսպելու նպատակով Արցախն ստիպված է մեծ ուշադրություն դարձնել իր պաշտպանության համակարգի արդիականացմանը: