Արմինֆո. Իսրայելի պաշտպանության նախարարությունը ստուգում է Բաքվից ստացված բողոքը, որի համաձայն, Իսրայելի Aeronautics Defense Systems օպերատորները հրաժարվել են կատարել հայկական թիրախներ գրոհելու Ադրբեջանի զինված ուժերի պահանջը` Իսրայելից Ադրբեջան մատակարարվող նոր անօդաչու տեխնիկայի հնարավորությունները ցուցադրելու համար:
Ինչպես հաղորդել է «Մաարիվ ա Շավուա» թերթը, միջադեպը տեղի է ունեցել ավելի քան մեկ ամիս առաջ, երբ Բաքու էր ժամանել Aeronautics Defense Systems-ի պատվիրակությունը` քննարկելու ԱԹՍ մատակարարման շուրջ նոր պայմանագիրը: Ադրբեջանցի զինվորականները խնդրել էին ցուցադրել նոր տեխնիկայի հնարավորությունները հայոց բանակի դեմ իրական մարտական գործողությունների ընթացքում, սակայն մերժում էին ստացել: Թերթը նաև հաղորդել է, որ Իսրայելի պաշտպանության նախարարության կանոններին համապատասխան, իսրայելական մատակարարներն իրավունք չունեն ուղղակի կամ անուղղակի մասնակցել մարտական գործողությունների այլ երկրների տարածքներում` եթե չկա երկրի պաշտպանության նախարարության հատուկ կարգադրություն: Aeronautics Defense Systems ընկերության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երբեք ցուցադրություն չի իրականացնում կենդանի թիրախների վրա: