Արմինֆո. Հայաստանում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ շնորհելու առաջարկի հետ կապված Ռուսաստանը շտապել է: Համենայն դեպս, այդ մասին է վկայում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների արձագանքը, ամենից առաջ՝ Հանրապետական կուսակցությունից:
Հուլիսի 17-ին ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Հայաստանում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ շնորհել` հանուն հայ վարորդների «իրավունքների»: Ռուսաստանի տարածքում ազգային վարորդական իրավունքների ճանաչման անհրաժեշտության հարցը բարձրացրել էր ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը` Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ:
Մասնավորապես, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ռուսերենը Հայաստանում պաշտոնական լեզվի կարգավիճակ չի ստանա: Նշելով, որ ռուսաց լեզուն մեզ համար համաշխարհային նշանակություն ունի՝ խորհրդարանականը հայտնել է, որ մեր օրակարգում չկա և չի լինելու ռուսաց լեզվին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու և Սահմանադրության մեջ այն ամրագրելու մասին հարցը: Նրա խոսքով, հայկական վարորդական իրավունքների վերաբերյալ բանակցությունները ռուսական կողմի հետ կշարունակվեն այլ ձևաչափներում։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնական միակ լեզուն հայերենն է, և դա սահմանադրական նորմ է:
«Ելք» դաշինքից պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հերթին Պետդումայի կողմից ընդունված օրենքը համարել է Հայաստանում Եվրասիական միության կողմնակիցներին ուղղված հարված: Այս առնչությամբ պատգամավորը հարցում է արել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանին՝ կապված ԵԱՏՄ-ում աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին նոր կանոնների հակասության հետ: Մարուքյանը Տիգրան Սարգսյանից ակնկալում է գործուն քայլեր՝ համաձայնագրի կիրարկումն ապահովելու և ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ։
Հուլիսի 14-ին Պետդուման ընդունել է օրենք, որը ՌԴ տարածքում թույլ է տալիս աշխատել ԵԱՏՄ այն երկրների վարորդներին, որտեղ ռուսերենն ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ: Արդյունքում, հայաստանցի վարորդները զրկվեցին աշխատանքից ՌԴ-ում: