Արմինֆո. Քուրդիստանի անկախությունը կարող է հանգեցնել շղթայական ռեակցիայի Իրանում՝բորբոքելով հակամարտությունները Հարավային Կովկասում, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության իշխանութուններն օրերս հայտարարել են սեպտեմբերի 25-ին անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Այս առնչությամբ որոշ վերլուծաբաններ չեն բացառում Մեծ Մերձավոր Արևելքում սահմանների հերթական վերաձևման սկիզբը, ինչը կուղեկցվի Լոզանի պայմանագրի չեղարկմամբ, որով ավելի քան մեկ դար առաջ բաժանվել է Օսմանյան կայսրությունը:
«Բացառված չէ, որ աշնանը կայանալիք հանրաքվեն և Իրաքյան Քուրդիստանի անկախության հռչակումը որոշակի խթան կհանդիսանա նաև Իրանի քրդերի անկախության ուղղությամբ շարժման համար: Անկախության համար նման շարժմանը կարող են միանալ նաև Իրանի հյուսիսում ապրող էթնիկ թյուրքական տարրերը, որոնք կազմում են այդ տարածաշրջանի բնակչության բացարձակ մեծամասնությունը»,- նշել է նա:
Վերլուծաբանն այս առումով կանխատեսում է բացառիկ իրավիճակ, երբ Իրանի թյուրքերը և քրդերը միություն կկազմեն ընդդեմ Թեհրանի: Չպնդելով այդ սցենարի բացառիկությունը՝ Մելիքյանը դրա իրականացումը բավական բարձր է գնահատում:
«Մինչդեռ դրա իրականացումը այս կամ այն չափով անխուսափելիորեն կակտիվացնի նաև հավանական և սառեցված հակամարտությունները Հարավային Կովկասում: Այս առումով մեզ անհրաժեշտ է ամենայն լրջությամբ քննարկել Հայաստանի հավանական սպառնալիքները, որոնք լիովին կարող են ի հայտ գալ Իրանի տարածքում ազգամիջյան բախումների հետևանքով,- ամփոփել է վերլուծաբանը: