Արմինֆո. Հունիսի 16-18-ն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կանցկացվի «Հայկական քաղաքական կուսակցությունների երրորդ ֆորումը», որի ընթացքում կքննարկվեն հայկական երկու պետություններին առնչվող տնտեսական, քաղաքական, մարտավարական հարցեր, ինչպեդս նաև արտաքին ու ներքին քաղաքականությունը և անվտանգության հարցերը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նշել է, որ համաժողովին ներկա կգտնվի 15 կուսակցություն Հայաստանից և 6 կուսակցություն Արցախից: Ի սկզբանե հրավիրվել է 17 հայկական կուսակցություն, բայց մեկը՝ «Հայկական վերածնունդը» չի հաստատել մասնակցությունը, իսկ մյուսը՝ «Հայ ազգային կոնգրեսը»՝ հրաժարվել է:
Արցախի կուսակցություններից համաժողովին հրաժարվել է մասնակցել միայն «Վերածնունդ» կուսակցությունը, քանի որ այն ունի ղարաբաղյան հակամարտության լուծման իր տեսլականը:
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր ծիրանի» կուսակցությանը, Աշոտյանը խոստովանել է, որ այն հրավեր չի ստացել՝ «նորաստեղծ» լինելու պատճառով: Համաժողովին հրավիրված չէ նաև Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, քանի որ այն դեռ մեկ կուսակցությունում չի համախմբվել:
Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհրդի» փորձագետները: ԱրմԻնֆո-ի տեղեկատվության համաձայն՝ կլինեն նաև հյուրեր արտերկրից: Դրան արդեն հասցրել է բուռն արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ-ը: «Համաժողովի գլխավոր խնդիրն է՝ մի կողմ թողնելով քաղաքական բոլոր հակասությունները, կիսվել մտքերով և փորձով: Համաժողովի անցկացման վայրը նույնպես պատահական չէ. Արցախն այն վայրն է, որը միավորում է բոլոր հայերին և մեր բոլոր կուսակցություններին»,- նշել է Աշոտյանը: Միջոցառումը կսկսվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձից, հետո ելույթ կունենա Արցախի նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Աշոտյանը նշել է նաև, որ Հայաստանում և Արցախում նման միջոցառումների
պահանջ կա, քանի որ համաժողովի ընթացքում կարելի է համախմբվել և լրջորեն քննարկել երկու պետություններին վերաբերող կարևոր խնդիրներն ու հարցերը:
Բացի այդ, Արցախում նման միջոցառումները նաև մարտավարական նշանակություն ունեն, քանի որ բարձրացնում են հանրապետության միջազգային ճանաչելիությունը: