Արմինֆո. ՀՀ ԱԳՆ-ը դիմել է Իրանում գտնվող իր քաղաքացիներին
«Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա ս.թ. հունիսի 7-ի առավոտյան տեղի ունեցած զինված հարձակումների կապակցությամբ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին զերծ մնալ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների տարածքներ, մասնավորապես՝ Թեհրանի հարավային շրջաններ և մարդաշատ վայրեր (մետրո, շուկա և այլն) այցելություններից: Արտակարգ իրավիճակներում հայտնվելու պարագայում խնդրում ենք անհապաղ կապ հաստատել Իրանում Հայաստանի դեսպանության հետ (e-mail: [email protected], հեռ.՝ (0098) 21 6670 4833, հասցե՝ Ջոմհուրի-ե Էսլամի պող., Ռազի պող., Օսթադ Շահրիյար փող., թիվ 32): Դեսպանությունը հետևում է իրադարձությունների ընթացքին: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս պահին տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների, հայերի առկայության մասին տեղեկատվություն չկա»,- ասվում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության ՝ ԱրմԻնֆո ստացված հաղորդագրությունում:
Նշենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել Թեհրանի մետրոյի «Իմամ Խոմեյնի» կայարանում: Ավելի վաղ մի քանի զինված տղամարդիկ ներխուժել էին երկրի խորհրդարանի շենք, կրակ էին բացել ու մի քանի մարդու պատանդ վերցրել: Նաև հաղորդվում է Թեհրանի հարավում այաթոլա Խոմեյնիի դամբարանում հնչած կրակոցների մասին, որտեղ նույնպես կան տուժածներ: Տեղական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, խորհրդարանի շենքի գրավման արդյունքում զոհերի թիվը հասել է 7-ի, ևս 4 մարդ պատանդ է վերցվել: Իրանի ՆԳՆ արտակարգ նիստ է հրավիրվել: Թեհրանում գրոհների համար պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: