Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից որևէ մեկին Եվրամիությունով փոխարինելու գաղափարն անհաջող է և անհեռանկար` թե իրավական, թե քաղաքական տեսանկյունից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Եթե անգամ պաշտոնական Վաշինգտոնը հանդես գա նման նախաձեռնությամբ, չեմ կարծում, թե նա առանձնապես կպնդի դա` հաշվի առնելով այդ որոշման օգտին գոյություն ունեցող հիմնավորման չափազանց խոցելիությունը: Ըստ երևույթին, պարոն Բրայզան չի հիշում, որ ԱՄՆ, Ռուսաստանն ու Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահներ են հենց ԵԱՀԿ անդամ լինելու բերումով, որն ստանձնել է ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորմանն աջակցելու գործառույթներ», - նշել է վերլուծաբանը:
Ավելի վաղ Ադրբեջաբնում ԱՄՆ նախկին դեսպան, Հարավային Կովկասի գծով պետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզան բարձրաձայնել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ միջազգային փոխգործակցության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես, նա Ղարաբաղը համարում է խնդիր, որի շուրջ ԱՄՆ նախագահը կարող է փոխգործակցել Ռուսաստանի հետ: Դիվանագետը կարծում է, որ բեկման հասնելու համար գործընթացին պետք է մասնակցեն Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները:
Մելիքյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Եվրամիության մասնակցության կողմնակիցները պետք է այդ հարցը քննարկումների առարկա դարձնեն, նախևառաջ, հենց ԵՄ համապատասխան կառույցներում, և դրանց դրական ելքից հետո միայն կարելի է համապատասխան կձևակերպված առաջարկությամբ դիմել հակամարտող կողմերին, որոնք ԵՄ անդամ չեն: