Արմինֆո.Ղարաբաղյան խնդիրը շատ լուրջ քննարկումների և առճակատումների հանգույց է միջազգային ասպարեզում, և Ռուսաստանը ցանկանում է տեղից շարժել գործընթացը և առավելագույնս նպաստել հակամարտության կարգավորմանը: haqqin.az-ի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
«Այո, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և ակտիվորեն աշխատում է այդ եռյակում: Եվ եթե չեմ սխալվում, 2013-ին երեք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները հայտարարեցին, որ պատրաստ են աջակցել հակամարտության խաղաղ լուծմանը, բայց հիմնական խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի ուսերին է: Մենք էլ մեր հերթին շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ», - ասել է ռուս դիվանագետը:
Անդրադառնալով Հայաստանին «Իսկանդեր» հրթիռային համակարգերի մատակարարմանը, ինչը կարող է ազդել ուժերի հավասարակշռության վրա տարածաշրջանում, Կարասինն ասել է. «Կարծում եմ, որ հավասարակշռությունն ամուր է: Մենք Հայաստանին մատակարարեցինք զենք, մատակարարեցինք նաև Ադրբեջանին: Հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցն է, բայց կա նաև պատասխանատու վերաբերմունքը մատակարարման նկատմամբ, և կարծում եմ, որ դա միանգամայն բնորոշ Ռուսաստանի Դաշնության վարքագծին»: