Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի եղբոր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունը մերժվել է երկրի ղեկավարության կողմից:
Ինպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ներիշխանական աղբյուրները, այդ հարցը փակվել է օրերս: Սակայն, ներկայումս խորհրդարանի խոսնակի թեկնածության առնչությամբ որևէ հստակություն չկա: Արդեն 18:00-ին պետք է տեղի ունենա Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, իսկ 19:00-ին՝ ՀՀԿ Խորհրդի նիստը, որում կուսակցության առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հայտարարի ապագա խոսնակի, փոխխոսնակների, խմբակցության ղեկավարի և խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների անունները, սակայն հանրապետականներն առայժմ այս առնչությամբ որևէ հստակ տեղեկատվություն չունեն:
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Կարեն Կարապետյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում հավաստիացրել էր, որ չի տեսնում իրեն խորհրդարանի նախագահի պաշտոնում և ցանկանում է լինել շարքային պատգամավոր: Մինչդեռ Արմինֆո-ի իշխանական աղբյուրները հավաստում են, որ վերջին ժամանակներս Կարապետյանը, ինչպես նաև նրա անվանակիցը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, ակտիվորեն զբաղվել են ԱԺ նախագահի պաշտոնում նրա թեկնածության լոբբինգով, սակայն երկրի ղեկավարությունը մերժել է այդ տարբերակը:
ԶԼՄ-ներում որպես ԱԺ նախագահի պաշտոնում հնարավոր հավակնորդներ՝ շրջանառվել են փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի անունները, սակայն վերջինիս առնչությամբ արդեն հստակություն կա. նա կզբաղեցնի փոխխոսնակի պաշտոնը: Խոսնակի պաշտոնի հավանական թեկնածուներ են համարվում նաև Ազգային ժողովի ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը և նույնիսկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, նշվել է նաև Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Սակայն, բացառված չէ, որ նախագահն այսօր անակնկալ մատուցի այս հարցում: