Արմինֆո. Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների և օպտիմալացման շրջանակներում Առողջապահության նախարարությունը մշակել է գործողությունների ծրագիր, որի առաջին կետը վերաբերում է հանրապետության բուժհաստատությունների խոշորացմանը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Ըստ որում, նա հավաստիացրել է, որ խոշորացված և օպտիմալացված բուժհաստատությունները կհագեցվեն նորագույն տեխնիկայով և դեղամիջոցներով: Նրա խոսքով, տվյալ պահին առաջնահերթ խնդիրը մարզային բուժկենտրոնների բուժսպասարկումը մայրաքաղաքայինի մակարդակին հասցնելն է: Նախարարը նշել է նաև, որ 2021 թվականից, բուժաշխատողների մասնագիտական մակարդակի բարձրացման նպատակով, կներդրվի սերտիֆիկացիայի համակարգ, սերտիֆիկատներ կտրամադրվեն 5 տարի ժամկետով:
Ըստ որում, նախարարն ընդգծել է, որ բոլոր բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ են մեծ միջոցներ, որոնք տվյալ պահին պետությունը չունի, այդ պատճառով Ալթունյանը որոշել է առողջապահության ոլորտում ստվերային շրջանառությունը բերել օրինական դաշտ: «Առողջապահության նախարարության հիմնական կարգախոսն է՝ առողջապահությունը մատչելի դարձնել ամբողջ բնակչության համար»,- նշել է Ալթունյանը:
Իսկ պացիենտների և բուժաշխատողների իրավունքների արդյունավետ պաշտպանության համար Առողջապահության նախարարությունը մտադիր է հիմնել բժշկական օմբուդսմենի ինստիտուտ, որը կղեկավարվի ԵՄ-ում ընդունված ստանդարտներով:
Ալթունյանը նաև ուշադրությունը կենտրոնացրել է ամբողջ հանրապետությունում պալիատիվ ծառայությունների զարգացմանը: Նորամուծությունների թվում նախարարը նշել է մարդու պապիլոմա վիրուսի (HPV) դեմ պատվաստման պարտադիր ներդրումը:
«Հայաստանը զարգացած շատ երկրներից տարբերվում է այն առումով, որ ոլորտի ֆինանսավորման 70-80%-ը բաժին է ընկնում բյուջետային հատկացումներին: Սակայն, մենք մտադիր ենք բարեփոխել այդ մոտեցումները՝ ծախսերի գույքագրման և դրանց ավելի արդյունավետ բաշխման միջոցով: Այդ մոտեցման շնորհիվ կարողացել ենք տնտեսել 2 մլրդ դրամ և ուղղել այն դժվարմատչելի ախտորոշման պետպատվերի ֆինանսավորմանը»,- նշել է նախարարը:
Ալթունյանը նշել է նաև, որ 100 հազար պետական ծառայողի կտրամադրվի սոցփաթեթ, որ կներառի բժշկական ապահովագիր: «Իսկ հաջորդ փուլը արդեն 2018 թվականին 612 հազար անապահով քաղաքացիների սոցփաթեթով ապահովումը կհանդիսանա»,- հավաստիացրել է նախարարը:
Ոլորտի աշխատանքի և ծախսերի թափանցիկության ապահովման համար նախատեսվում է առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրում: