Արմինֆո. «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը մասնակցել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը: Նրա ասելով, ինքը եկել է մարտական տրամադրությամբ և քվեարկել է հանուն ազատության:
Լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը հաղորդել է ընտրակաշառք բաժանելու փաստերին առնչվող ահազանգերի մասին: Ինչպես նա նշել է, փողը բաժանում են ոչ ընտրատեղամասի ներսում, այլ դրսում: «Այսօր ողջ օրվա ընթացքում մենք հետևելու ենք իրավիճակին ինչպես ընտրատեղամասերում, այնպես էլ դրանցից դուրս. մենք տեղեկություններ ունենք, որ մարդկանց ուղղորդում են ընտրատեղամասերում, բաժանում են գունավոր գրիչներ, որոնց միջոցով նրանք պետք է նշումներ կատարեն քվեաթերթիկի վրա», - հայտարարել է Փոստանջյանը` երևանցիներին կոչ անելով մասնակցել քվեարկությանը: Միևնույն ժամանակ, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կարծում է, որ Հայաստանին հարկավոր չեն ցնցումներ, իսկ իշխանափոխությունը դարձել է օբյեկտիվ անհրաժեշտություն: «Այս հնարավորությունը իշխանությունների հեռացման մարդասիրական ճանապարհ է: Եվ նրանք պետք է օգտվեն այս հնարավորությունից», - ընդգծել է նա:
Նշենք, որ օրենսդրությանը համապատասխան, եթե խորհրդի ընտրությունների արդյունքում դրանց մասնակցող ուժերից մեկն ստանում է 50%-ից ավելի տեղ, ապա այդ ուժի ցուցակը գխավորող թեկնածում համարվում է ընտրված քաղաքապետ: Եթե թեկնածուն չի համապատասխանում քաղաքապետին անհրաժեշտ պահանջներին, հրաժարվում է քաղաքապետի պաշտոնից կամ կուսակցություններից ոչ մեկը 50%-ից ավելի տեղ չի ստանում ավագանու խորհրդում, ապա քաղաքապետն ընտրվում է ավագանու խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ:
Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, «Ելք» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ:
Gellup International Association-ի սոցհարցման վերջին տվյալների համաձայն, Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում առաջատարը ՀՀԿ-ն է քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ` 72,3%, երկրորդ տեղն զբաղեցնում է «Ելք» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ 15,5%, ցուցակը եզրափակում է «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ՝ 4,7%: