Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Ուրբաթ, 12 Մայիսի 2017 11:57
Դավիթ Ստեփանյան

Հայացք Բեռլինից. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կմնա ապագա սերունդներին

Հայացք Բեռլինից. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կմնա ապագա սերունդներին

ԱրմինֆոԳերմանառուսական ֆորումի գիտական տնօրեն, Գերմանիայում Ռուսաստանի տնտեսության խորհրդի վարչության անդամ, գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է Հարավային Կովկասի գոյություն ունեցող և նոր սպառնալիքների ու մարտահրավերների մասին, մեկնաբանում ղարաբաղյան հակամարտության ապասառեցման հնարավորությունը, Ռուսաստանի կովկասյան քաղաքականությունը:

Ձեր կարծիքով, ի՞նչ վեկտորներից են այսօր բխում Հարավային Կովկասի անվտանգության հիմնական մարտահրավերներն ու սպառնալիքները:

Հարավային Կովկասի անվտանգության համար հիմնական մարտահրավերներն ու սպառնալիքները մի կողմից, անշուշտ, բխում են չլուծված տարածքային հարցերից: Մյուս կողմից` Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիմակայություններից:

Եվս մեկ սպառնալիք է Մերձավոր և Միջին արևելքի խնդիրների, իսլամականացման գաղափարախոսության փոխանցումը հարավկովկասյան տարածաշրջան` ռազմական, աշխարհաքաղաքական  ասպեկտներով: Հարավային Կովկասը, դժբախտաբար, բավականին պայթյունավտանգ տարածաշրջան է: Ընդ որում, կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում կա ավելի վտանգավոր տարածաշրջան` Մերձավոր Արևելքը:

Բոլոր այդ սպառնալիքներում ի՞նչ տեղ է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտությունը: Դա առաջին պլանում է, թե՞ վերջին տարիներին շեշտադրումները փոքր-ինչ փոփոխվել են:

Իրականում բավականին դժվար է ըստ հերթականության դասավորել այդ երեք տարածաշրջանային մարտահրավերները՝ հաշվի առնելով, որ բոլոր երեքն ունեն գլխավոր դառնալու հեռանկար, ընդ որում` ցանկացած պահի: Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և Ադրբեջանի խնդիրն է, բայց չէ որ կա նաև Հարավային Օսիա, թեև, կարծում եմ, Աբխազիայում, «ամեն բան կարգին կլինի»: Ընդ որում, պետք է հիշել, որ Սիրիայում ռազմական գործողությունների ինտենսիֆիկացումը, Իրաքի փլուզումը ամեն պահի կարող են հանգեցնել լուրջ հետևանքների Թուրքիայում կամ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Թե դա ստույգ ինչ տեսք կունենա, այսօր դժվար է ասել, բայց պետք է հասկանալ, որ տարածաշրջանում, որտեղ տարիներ շարունակ պատերազմ է ընթանում, բախվում են արմատական գաղափարախոսություններ, մարտնչում են ոչ թե հանուն կյանքի, այլ` մահվան, ի հայտ են գալիս շատ մեծ մարտահրավերներ ու խնդիրներ: Բոլոր այդ մարտահրավերներն ու խնդիրները չեն կարող չզգալ հարևան երկրները, որոնց վրա նույնպես տարածվում է անկայունությունը:

Դա բոլորակաձև տարածվող երկրաշարժ է: Կարծում եմ՝ այդ լույսի ներքո ԱՄՆ ներկայիս վարչակազմը չափազանց կոշտ գիծ է որդեգրել Իրանի նկատմամբ: Եվ եթե Դոնալդ Թրամփին հաջողվի զինաթափել Հյուսիային Կորեան կամ բավականաչափ հաջողությունների հասնել այդ երկրի  զսպման քաղաքականությունում, նա անպայման ձեռնամուխ կլինի Իրանին: Դա անմիջապես կհանգեցնի առանց այդ էլ ռազմականացված Հարավային Կովկասի էլ ավելի ռազմականացման: Այդ իրավիճակում, իհարկե, շատ բարդ կլինի Հայաստանի համար, որը լավայույն հարաբերություններ ունի թե Իրանի, թե Ռուսաստանի հետ` Հարավային Կովկիասի բոլոր երկրների շրջանում: Ուստի Իրանի պայթյունի դեպքում, իսկ նման հնարավորությունը պահպանվում է, դրա արձագանքները դեռ երկար կդրսևորվեն Հարավային Կովկասում:

Արդյո՞ք Իսրայել-Ադրբեջան տանդեմի ձևավորման հեռանկարներ եք տեսնում՝ Իրանի դեմ ռազմական սցենարի իրականացման դեպքում: Ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ, օրինակ, ղարաբաղյան հակամարտության վրա:

Եվրոպայում և Գերմանիայում չափազանց շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության հանգիստ վիճակի պահպանմամբ, որպեսզի  տեղի չունենա այնպիսի պայթյուն` ինչպես նախորդ տարվա ապրիլին: Այդ ուղղությամբ նաև գերմանացի դիվանագետներն են լուրջ աշխատանք տանում: Մեզ հարկավոր չէ ևս մեկ պատերազմ հետխորհրդային տարածքում, պատերազմ, որում ներքաշված կլինի միջուկային տերություն Ռուսաստանը, որն առանց այդ էլ բավականաչափ խնդիրներ ունի Ուկրաինայի ու Եվրոպայի հետ: Ուստի այստեղ հարկավոր  է ամեն ջանք գործադրել այն թեկուզ սառեցված վիճակում պահելու համար: Կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծեն միայն հայ և ադրբեջանցի քաղաքական գործիչների  ապագա սերունդները՝ հաշվի առնելով, որ ներկա սերունդն ի զորու չէ այն լուծել: Հայաստանի ներկայիս ղեկավարությունն ապրում է ղարաբաղյան գաղափարի ոգով: Իսկ Ադրբեջանի ղեկավարությունը ներկայացված է, հիմնականում, Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների զավակների կողմից: Ուստի, նույնիսկ չլինելով Ղարաբաղի գծով մեծ մասնագոետ, ես տեսնում եմ, որ այս սերնդի օրոք այն անլուծլի է: Եվ ես դա ասում եմ բնավ ոչ այն պատճառով, որ մտադիր եմ կրակի վրա յուղ լցնել, ընդհակասռակը, Գերմանիայի օրինակի վրա կարող եմ ասել, որ հետպատերազմյան և, անգամ, հաջորդ սերունդը ոչ մի կերպ չէր կարողանում լուծել մեր երկրի վերամիավորման հարցը: Արևմտագերմանական դիրքորոշումն այդ իմաստով միշտ նման է եղել տայվանյանին  և հոնկոնգյանին` սպասել վերամիավորման բացառապես խաղաղ ճանապարհով, խնդիրն այն սերնդի կողմից լուծելու ճանապարհով, որը բավականին հեռու է անցյալի թեժ, արյունալի իրադարձություններից, ուստի ի վիճակի է այն լուծել սառնասրտորեն, կշռադատված, փոխզիջումային լուծումներ որոնելու և գտնելու միջոցով:

Ուկրաինայի, Սիրիայի, Իրաքի տարածքներում վարվող հիբրիդային պատերազմների արեալի ընդլայնման տեսանկյունից` մարմրող, չկարգավորված Լեռնային Ղարաբաղն իրենից պակաս գայթակղություն չի ներկայացնում: Այս համատեքստում կարո՞ղ է արդյոք այն բորբոքելու փորձ ձեռնարկվել:

Ես լիահույս եմ, որ վերը նշված համատեքստում, այնուամենայնիվ, ղարաբաղյան հակամարտությունը բորբոքելու փորձ չի արվի, թեև նման սպառնալիք, անշուշտ, դիտվում է: Սակայն, այսօր աշխարհում առկա  իրավիճակում, Իրանի շուրջ դիմակայության վերսկսման ֆոնին, դա կլիներ սխալ և անարդյունավետ:

Ես ապրում եմ արևմտյան տեղեկատվական տարածությունում, որտեղ Լեռնային Ղարաբաղն այն դերը չի խաղում` ինչ ձեր տարածությունում: Մենք սարսափով ենք նայում այն բանին, ինչ կարող է տեղի ունենալ Կորեական թերակղզում, Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի փլուզմանը, դեպի Եվրոպա միգրացիոն հոսքերին և այդ առնչությամբ մեզ սպասվող խնդիրներին: Ուստի Եվրոպայի համար ամենագլխավորը ցանկացած հնարավորության որոնումն է, որը թույլ տա խուսափել հակամարտություններից:

Ապրիլի 27-ին Ռուսաստանն Ադրբեջան առաքեց ժամանակակից զենքի և ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակը: Կուզենայի իմանալ Մոսկվայի զենքային քաղաքանության պատճառների ու նպատակների Ձեր գնահատականը:

Պետք է հիշել, որ Մոսկվան չի կարող և չպետք է դատավոր լինի Ադրբեջանի և Հայաստանի միջև: Խանգարում են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները: Միևնույն ժամանակ, էներգետիկ հարցերում Ռուսաստանը բավականին մեծ կախվածության մեջ է Ադրբեջանի հետ հարաբերություններից և համագործակցությունից: Եվ Ադրբեջանի վերնախավի հետ հաստատված կապերի պահպանումը բխում է Ռուսաստանի տնտեսական և, նույնիսկ, մեծ ռազմավարակաան շահերից: Ուստի, ռուսական դիվանագիտությունը տվյալ և հարակից հարցերում պետք է գործի` հաշվի առնելով այն ամենը, ինչ կարող է տեղի ունենալ ապագայում: Ընդ որում, ռուսական դիվանագիտությունը բավականին հասկանալի է: Այն չի կարող գործել ընդդեմ Ադրբեջանի` չնայած Հայաստանի  հետ երկկողմ և ՀԱՊԿ ու ԵԱՏՄ շրջանակներում  դաշնակցային հարաբերություններին: Այդ պատճառով Մոսկվայի զինական քաղաքականությունը, միանշանակ, ոչ միայն բիզնես է, այլև` աշխարհաքաղաքական շահեր: Ադրբեջանն, իհարկե, Ռուսաստանի անմիջական դաշնակիցը չէ, սակայն նրա կարևոր ռազմավարական գործընկերն է չափազանց բարդ գլոբալ խաղում, որին այսօր մենք բոլորս ականատես ենք:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
5432

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի