Արմինֆո. «Ծառուկյան» դաշինքում կրքերը բորբոքվում են. խորհրդարանական ընտրություններում հաղթած վարկանշային թեկնածուները մտադիր չեն հրաժարվել իրենց մանդատներից` ինչպես նախատեսել է Գագիկ Ծառուկյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել են թեկնածուները, ում անունները նախօրեին հայտնվել են մանդատներից հրաժարված թեկնածուների ցուցակում, իրենք ինքնաբացարկի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել և այդ մասին տեղեկացել են միայն ԿԸՀ համապատասխան հաղորդումից: «Դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ինքնաբացարկի ոչ մի խոսակցություն կամ նրա կողմից մեր առնչությամբ որևէ դժգոհություն չի եղել, ուստի ողջ այս իրավիճակը մեզ համար անակնկալ էր», - խոստովանել են «հրաժարված» թեկնածուները:
Այդուհանդերձ, նրանք մտադիր չեն տեղի տալ: Ոմանք որոշել են խնդիրը լուծել դատական ճանապարհով, փորձելով ապացուցել, որ ինքնաբացարկի վերաբերյալ հայտարարության ներքո իրենց ստորագրությունը չէ: Մյուսները միանգամից որոշել են «տեսակցել» Ծառուկյանի հետ և տեղում «լուծել խնդիրը»: Ինչպես հաղորդել են դաշինքում ԱրմԻնֆո-ի աղբյուրները, Ծառուկյանը ոչ ոքի հետ հանդիպումը չի մերժել, ավելին, խոսակցությունների ժամանակ տրամադրված է եղել բավակնին «բարյացակամ»:
Իսկ թեկնածուներից ոմանք էլ որոշել են գնալ իրավական ճանապարհով և ԿԸՀ դիմում ներկայացնել` ինքնաբացարկի վերաբերյալ արդեն ԿԸՀ ներկայացված փաստաթուղթը չեղարկելու վերաբերյալ: Այսպես, այսօր առավոտյան ԿԸՀ նման դիմում է ներկայացրել դաշինքի թեկնածու Խաչիկ Մանուկյանը, որը վարկանշային ընտրակարգով հաղթել է Արագածոտնի մարզում:
Ինչպես Մանուկյանը հաղորդել է ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում, ինքն իր դիմումում, մասնավորապես, գրել է, որ խնդրում է չեղարկել ավելի վաղ իր անունից ինքնաբացարկի վերաբերյալ ԿԸՀ ուղարկված փաստաթուղթը: Ավելի վաղ Մանուկյանը, ինչպես նաև դաշինքի այլ թեկնածուներ, ԱրմԻնֆո-ին հաղորդել էր, որ ինքնաբացարկի մասին դիմում չի գրել և տեղյակ չէ, թե իր ստորագրությունն ինչպես կարող էր հայտնվել նման փաստաթղթի ներքո:
ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը հրաժարվել է ԱրմԻնֆո-ին թղթակցին մեկնաբանել ստեղծված իրավիճակը, հաղորդելով, որ հայտարարությամբ հանդես կգա միայն ԿԸՀ այսօրվա նիստից հետո, որի ընթացքում կուսումնասիրվեն թեկնածուների հայտարարությունները, և կհաստատվի նոր խորհրդարանի վերջնական կազմը:
Նշենք, որ նախօրեին ԿԸՀ հրապարակել է ընտրություններում հաղթած այն պատգամավորության թեկնածուների անունները, որոնք հրաժարվել են մանդատից: Եթե ՀՀԿ և ՀՅԴ պարագայում իրավիճակը պարզ էր, խորհրդարանի տեղերին հավակնությունից հրաժարվել են նրանք, ովքեր մտադիր են գործունեություն ծավալել գործադիր իշխանությունում, ապա «Ծառուկյան» դաշինքի «հրաժարվածների» ցուցակը բազմաթիվ հարցեր է հարուցել: Այդ ցուցակում 23 մարդուց հրաժարվել են, գործնականում, վարկանշային ընտրակարգով հաղթած բոլոր պատգամավորության թեկնածուները, որոնցից շատերը, ինչպես հետագայում պարզվել է, ինքնաբացարկի դիմումներ չեն գրել: