Արմինֆո.ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագիրը հաստակ սահմանում է Կազմակերպության խնդիրներն ու ֆունկցիաները, և գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակված Յուրի Խաչատուրովը կիրականացնի այդ ֆունկցիաները: Այս մասին ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակիննվիրված հուշարձանին ծաղիկներ դնելուց հետո հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, մեկնաբաբենոլվ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակման փաստը:
Նրա խոսքով, այդ պաշտոնում նշանակված անձինք չեն կարող որևէ փոփոխություններ կատարել Կազմակերպության ծրագրում:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակին, Հակոբյանն ասել է, որ անցյալ գիշեր խախտումների թիվը մի փոքր ավելացել է, բայց իրավիճակը վերահսկվում է:
Լրագրողների նկատողություններին, որ անցյալ տարվա ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բանակին հատկացված միջոցները չեն ծառայում իրենց նպատակին, այլ ուղղվում գեներալների հարստացմանը, Հակոբյանը հայտարարել է, որ չի կիսում այդ տեսակետը: «Ես համաձայն չեմ այդ ձևակերպմանը, դա ընդամենը ձեր գնահատականն է: Երկրի Զինված ուժերի պատրաստվածության գնահատականը տալիս է Գերագույն գլխավոր հրամանատարը, ինչն էլ նա արել է: Ես չեմ զբաղվում նման հարցերով, և չեմ հաշվում, թե ով որքանով է հարստացել: Ինձ ավելի կարևոր հարցեր են հետաքրքրում, ես հետևում եմ առաջնագծին և զորքին»,-եզրափակել է նա:
Նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայտնի դարձավ, որ ՀՀ ԶՈՒ հաշվեկշռում գտնվում են անցյալ դարի 70-80 թվականների սպառազինություններ, իսկ բանակին հատկացվող միջոցները փոշիացվում են: