Արմինֆո.Տարեկան միջինը 50 հազար մարդ է լքում Հայաստանը, մի՞թե «սպիտակ եղեռն» չէ, ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում լրագրողներին ասել է ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:
Հայերի ներկայիս սերունդը, նրա խոսքով, արդարության վերականգնման պատմական առաքելություն ունի: «Բավական է ողորմություն խնդրել ուրիշներից: Ժամանակն է գործել և ստիպել հակառակորդին ճանաչել մեր պատմական իրավունքը»,- հայտարարել է նա:
ՀԱԿ անդամը դեմ չէ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Միաժամանակ նա գտնում է, որ Հայաստանը պետք է «բարեկամություն անի» Թուրքիայի հետ հավասար իրավունքներով: Իսկ դրա համար, Հայաստանը պետք է լինի ուժեղ, ունենա լեգիտիմ իշխանություն, որին կհարգեն և որի հետ հաշվի կնստեն: «Մենք զարգացման սխալ ուղով ենք ընթանում, ինչը ոչ մի կերպ պատմական արդարության վերականգնմանը չի նպաստում»,- նշել է Մանուկյանը: «Իշխանությունը պետք է դասեր քաղի անցյալից, սթափ գնահատի իրավիճակը և համապատասխան եզրահանգումներ անի, այլ ոչ թե՝ զբաղվի սպառազինությունների ցուցադրությամբ և տանկերի ֆոնին երեխաների ֆոտոսեսիաների կազմակերպմամբ»,-ասել է Արամ Մանուկյանը: