Արմինֆո. Թուրքիայում կայացած սահմանդրական հանրաքվեն կհանգեցնի անկայունության այդ երկրում, մասնավորապես, քրդական շրջաններում: Ապրիլի 16-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա ասելով, այդ հանրաքվեն դարձավ հերթական քայլը` ուղղված Թուրքիայի ադրբեջանացմանն ու այդ երկրի վերածմանը սուլթանության: Այդ համատեքստում փորձագետը չի բացառել ճնշումները թուրք հասարակության ազատական հատվածի նկատմամբ, որը, հիմնականում, դեմ էր հանրաքվեին և նախագահի լիազորությունների ընդլայնմանը: «Մարդկանց չեն կախի, սակայն կլինեն որոշակի պատիժներ, ինչը կհանգեցնի անկայունության, որը կարող է շարունակվել` ընդհուպ հաջորդ ընտրությունները», - ընդգծել է քաղաքագետը:
Իսկանդարյանը նաև արհեստական է համարել Եվրամիությանն անդամակցության շուրջ հանրաքվեի անցկացման վերաբերյալ քննարկումները Թուրքիայի ներսում: «ԵՄ-ին Թուրիայի անդամակցության շուրջ հանրաքվեի առնչությամբ բանակցություններ և հեռանկարներ գոյություն չունեն», - նշել է նա: Միևնույն ժամանակ, փորձագետը հավելել է, որ, ի տարբերություն ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի համար այդ երկիրն ունի չափազանց առաջնային նշանակություն, քանի որ գտնվում է կարևոր աշխարհաքաղաքական և աշխարհագրական տարածաշրջանում: «Հետևաբար, ՆԱՏՕ-ից Թուրքիային հանելու մասին բոլոր խոսակցություններն այդ հանրաքվեից հետո, պարզապես, լուրջ չեն», - կարծում է փորձագետը:
Ապրիլի 16-ին Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեում «կողմ» է քվեարկել ընտրողների 51 %-ից ավելին: Երկրի ամենազարգացած քաղաքների` Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի, Միջերկրական ծովի առափնյա վիլայեթների բնակչությունը դեմ է արտահայտվել սահմանդրական փոփոխություններին, որոնք ենթադրում են նաև կառավարման խորհրդարանական ձևից անցում նախագահականի: Էրդողանն իր ավանդական ընտրազանգվածի շնորհիվ հաղթել է երկրի մնացած վիլայեթներում: Ընդունված փոփոխությունների համաձայն, Թուրքիայի նախագահը մինչև 2029 թիվը կարող է մնալ իշխանության ղեկին: