Արմինֆո. Արցախի կարգավիճակը որոշել և կորոշի Արցախի ժողովուրդը: Այս մասին CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
Նա նշել է, որ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան հերթական անգամ ցույց տվեց շփման գծում տեղի ունեցած միջադեպերի քննարկման մեխանիզմների ստեղծման ուղղությամբ պայմանավորվածությունների շտապ իրականացման, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորութոյւնների ընդլայնման անհրաժեշտությունը:
Ըստ նրա, Բաքուն անընդհատ քայլեր է ձեռնարկում շփման գծում լարվածությունը մեծացնելու ուղղությամբ: «Դրա գագաթնակետն էր ապրիլյան ագրեսիան, որն ընդգծեց այդ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, քանի որ դա կօգնի դուրս գալ ստեղծված իրավիճակից և պայմաններ ստեղծել բանակցությունների վերսկսման համար», - ասել է նա, հավելելով, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է կյանքի կոչել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Խոսելով նոր պատերազմի հնարավորության մասին, Միրզոյանը նշել է, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը և չեն ձեռնարկվում նրան սանձելու ուղղությամբ վճռական քայլեր, նոր պատերազմի սպառնալիքն իրատեսական է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի և միջազգային հանրության համար:
Նախարարը նշել է, որ ի տարբերություն այլ միջազգային հարցերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը հայտնի է: Անդրադառնալով ԵՄ հետ համագործակցությանը, Միրզոյանը նշել է, որ, ի տարբերություն մյուս հետխորհրդային երկրների, Արցախն ստիպված էր ինքնուրույն է խթանել ժողովրդավարությունը, առանց արտաքին ուժերի աջակցության, այդ թվում`եվրոպական կառույցների: