Արմինֆո.«Ելք» դաշինքի ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության տարբեր ընտրատարածքներից դիմել են քաղաքացիներ, ահազանգելով այն մասին, որ բազմաթիվ ընտրողների բաժանվել են տպագրված ծածկագրեր (օրինակ Բ578), որոնք ընտրողի կողմից պետք է տեղադրվեն քվեարկության ծրարում՝ որպես տվյալ անձի քվեարկության վերահսկման միջոց: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին «Ելք» դաշինքից, ահազանգողները նշում են, թե որպես տարբերակման միջոց նախատեսվում է օգտագործել նաև գունավոր գրիչներ, ծրարում տեղադրվող տարբեր առարկաներ:
Նաև հաղորդվում է ընտրատեղամասից քվեաթերթիկների զանգվածային դուրս բերման և այն մասին, որ ընտրահանձնաժողովների նախագահները հրաժարվում են արձանագրել տեխնիկայի խափանման փաստերը: «Իսկ այդ դեպքում ընտրամատյանում քաղաքացու անձնագրային տվյալները չեն արձանագրվում», - պարզաբանել են «Ելք» դաշինքում: Դիտվել են նաև դեպքեր, երբ քաղաքացին քվեարկության է ներկայացել այլ անձի, օգնականի ուղեկցությամբ` առանց դրա համար օրինական հիմնավորման: «Ելքը» նաև հաղորդում է դեպքերի մասին, երբ ՀՀԿ և ՀԿԿ քվեաթերթիկները եղել են նշումով:
«ԵԼՔ դաշինքի վստահված անձինք հետևողական են լինելու այս երևույթի նկատմամբ և արձանագրելու են յուրաքանչյուր վերոհիշյալ դեպք: Սույն երևույթը գնահատվելու է որպես ընտրողի ազատ կամաարտահայտման իրավունքի ոտնահարում և համատարած բնույթ կրելու դեպքում՝ ԵԼՔ դաշինքը ձեռնարկելու է օրենքով սահմանված գործողություններ անվավեր ճանաչելու համար տվյալ տեղամասերում ընտրությունների արդյունքները», - ասվում է հաղորդագրությունում: