Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը Սյունիքում Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին քարոզարշավի ընթացքում օգտագործել է վարչական ռեսուրսը: Այդ մասին հայտարարել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ ներկայացնելով 2017թ. խորհրդարանական ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգի և վարչական ռեսուրսի չարաշահման մոնիտորինգի նախնական արդյունքները:
«Մարտի 10-ի քարոզարշավի ընթացքում վարչապետն օգտագործել է աշխատանքային ժամանակը, որը պետք է օգտագործեր բացառապես վարչապետի պաշտոնում իր անմիջական ծառայողական պարտականությունները կատարելու համար»,- ընդգծել է փորձագետը: Հոկտանյանը նշել է նաև, որ մարտի 5-ից սկսած, երբ մեկնարկեց քարոզարշավը, արձանագրվել է դպրոցների և մանկապարտեզների տնօրենների նկատմամբ ճնշման 8 դեպք, թեկնածուների հարազատների և ընկերների վրա ճնշում գործադրելու 14 դեպք, մրցակիցների վրա ճնշում գործադրելու 8 դեպք, քարոզչությանը ընտրահանձնաժողովի անդամի մասնակցության 5 դեպք, ընտրողների վրա ճնշման 31 դեպք, ընդդիմադիր կուսակցությունների շտաբերի տեղակայմանը խոչընդոտելու13 դեպք, պետական կառույցների շենքերում կառավարող կուսակցության շտաբի տեղակայման 2 դեպք:
Մինչդեռ ՀՀ ԿԸՀ-ն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ Կարապետյանը Սյունիքում քարոզչության ընթացքում օրենք չի խախտել: Ըստ որում, ԿԸՀ-ն նշել է, որ օրենքը պաշտոնատար անձին չի արգելում քարոզչությամբ զբաղվել աշխատանքային ժամին: