Արմինֆո.Հայաստանը փորձում է ազգային շահերի համակարգը կառուցել ոչ թե համաշխարհային և տարածաշրջանային խաղացողների հաշերին հակադրման, այլ դրանց համատեղման հիման վրա: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային բանավեճերի ակումբի նիստում:
Նա նշել է, որ առկա պայմաններում սահմանափակ տարածքային և ժողովրդագրական ռեսուրսներ ունեցող երկրների համար հեշտ չէ: «Տարածաշրջանում բարձր մրրկայնության գոտին բավականաչափ սպառնալիքներ է կրում: Եվ, ելնելով դրանից, մենք փորձում ենք ազգային շահերի համակարգը կառուցել ոչ թե գլոբալ և տարածաշրջանային խաղացողների շահերի հակադրման, այլ դրանց համընկնման գոտում: Իհարկե, դա կարող է ավելի բարդ լինել հենց այդ շահերի ձևակերպման առումով, կարող է ստեղծել անորոշության տպավորություն, սակայն իրականում դա հենց այն թափանցիկությունն է, որը թույլ է տալիս աշխարհը չբաժանել սևի ու սպիտակի», - ընդգծել է Սարգսյանը: Նրա կարծիքով, առանց խորը համագործակցության, առանց հնարավորություների համադրման և համատեղ լուծումների որոնման, Հայաստանը կզգա միջազգային սպառնալիքների ահագնացող ճնշումը:
Անդրադառնալով տարածաշրջանային մակարդակի փոխհարաբերություններին` նախարարը հիմնարար է համարել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը, որն ամրապնդված է մի շարք երկկողմ և տարածաշրջանային կազմակերպությունների ձևաչափի փաստաթղթերով, մասնավորապես` ՀԱՊԿ-ի: «Եվ մենք, իրոք, հավատում ենք, որ այդ կազմակերպությունը կարող է իր արժանի տեղն զբաղեցնել միջազգային հարաբերությունների համակարգում», - նշել է նա: Սակայն, նախարարի կարծիքով, կառույցի թերությունն է կազմակերպության մասնակից երկրների արտքին քաղաքական գերակայությունների ոչ լիակատար համադրումը: «Հաճախ կարելի է տեսնել, որ երրորդ կազմակերպություններում, ՀԱՊԿ որոշ անդամների այլ հարթակներում դեռ առկա է կազմակերպության գծով գործընկերների շահերը փոքր-ինչ անտեսելու գայթակղություն: Սակայն, միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ դա ինչ-որ «մանկական հիվանդություն» է, որը ժամանակի ընթացքում կանցնի», - ընդգծել է Սարգսյանը: