Արմինֆո.Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից փոխարինողի թեկնածություն որոնելու անհրաժեշտության գիտակցումը և դա իրագործելու նրա ունակությունը մեծ կասկածներ են հարուցում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը, ով վերջերս եղել է Հայաստանում ու Արցախում:
«Իմ կարծիքով, Հայաստանի և Արցախի քաղաքացիների մեծ մասը Սարգսյանին վերաբերվում է, լավագույն դեպքում, անտարբերությամբ, իսկ վատթարագույն դեպքում` բացասաբար: Ընդ որում, ազդեցիկ և վստահություն վայելող քաղաքական ուժեր Հայաստանում չեն երևում: Իսկ երկրի կառավարման խորհրդարանական համակարգի անցման պայմաններում քաղաքացիների մեծ մասը չի ցանկանում Սարգսյանին տեսնել ոչ վարչապետի, ոչ խորհրդարանի խոսնակի աթոռին, ոչ էլ, նույնիսկ` որպես կառավարող ՀՀԿ առաջնորդ: Սակայն, առայժմ այլընտրանք չի երևում` վարչական ռեսուրսի և քվեարության արդյունքների կեղծման ֆոնին», - ընդգծել է քաղաքագետը:
Այդ ֆոնին հարկ չկա կայուն որակել Հայաստանում առկա իրավիճակը, ինչը հետագայում, Սկակովի գնահատմամբ, կարող է անդրադառնալ Ղարաբաղի իրավիճակի վրա: Ընդ որում, նա ընդգծել է արցախցիների մտահոգությունը խաղաղության բացակայության առնչությամբ` նշելով նման մտահոգության առկայությունը հետխորհրդային տարածության շատ տարածաշրջաններում:
Նրա կարծիքով, Հայաստանում, Արցախում, հետխորհրդիային տարածության մյուս տարածաշրջաններում զգացվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը:
Սակայն իշխանությունները չափազանց զբաղված են առաջիկա խորհրդարանական ընտրություններում սեփական վերարտադրության հարցով, ինչն այդքան դյուրին չէ` հաշվի առնելով նրանց ցածր վարկանիշը:
«Մյուս կողմից, դատելով 2016 թվականի արդյունքներից, տնտեսական ճգնաժամի լարվածակետը Հայաստանում և Արցախում անցել է: Միևնույն ժամանակ, տնտեսական ճգնաժամը հաճախ ունի նստվածքային ազդեցություն, այսինքն, այն ժամանակ, երբ երկիրն արդեն սկսում է դուրս գալ ճգնաժամային վիճակից, բնակչությանը շարունակում է թվալ, թե կյանքը գնալով ավելի է դժվարանում», - ամփոփել է նա: