Արմինֆո.Նախընտրական կրքերը թեժանում են. թեկնածուների միջև հերթական ծեծկռտոցները տեղի են ունեցել Երևանում և Արարատի մարզում:
Այսպես, Երևանում ընդհարում է տեղի ունեցել 2-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածուներ Տավրոս Գևորգյանի և Արման Սահակյանի միջև, որը ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի որդին է և Պետական գույքի կառավարման վարչության ղեկավարը:
Իսկ Արարատի մարզում հերթական ծեծկռտոց է տեղի ունեցել ՀՀԿ-ից և «Ծառուկյան» դաշինքից թեկնածուներ «Ավշար» ընկերության սեփականատեր, մարզպետի եղբայր Արայիկ Գրիգորյանի և Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի կողմնակիցների միջև, որը նախկին վրչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է և Գագիկ Ծառուկյանի փեսան:
Իսկ նախօրեին Արարատի մարզում ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Մուրադ Մուրադյանի կողմնակիցները դանակահարել էին ԲՀԿ անդամներից մեկին, որին վիրահատել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրնում: Նրա վիճակն այժմ գնահատվում է որպես միջին ծանրության:
Ուշագրավ է, որ նույն Մուրադ Մուրադյանը և նրա կողմնակիցները աչքի էին ընկել ևս մեկ միջադեպում: Մասնավորապես, օրերս ծեծկռտոց էր տեղի ունեցել Մուրադյանի և նրա կուսակից Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների միջև: Դրանից հետո ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը թեկնածուներին հրավիրել և հորդորել էր հանդարտեցնել կրքերը: Այդուհանդերձ, նախագահի հորդորից հետո էլ միջադեպերը պատգամավորության թեկնածուների միջև շարունակվում են:
Նախագահի մոտ հավաքի հենց հաջորդ օրը ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Բազմասեր Մանաֆասի Առաքելյանը Արագածոտնի մարզում ծեծել է ՀՅԴ անդամի:
Հավելենք, որ պաշտոնապես նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, այն մեկնարկում է մարտի 6-ին: Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին մանսակցում է 9 քաղաքական ուժ: