Արմինֆո. 1999-2001թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն կարծում է, որ ԱՄՆ պետք է միջոցներ ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում նոր զինված հակամարտությունը կանխելու համար: Այդ մասին ասվում է ԱՄՆ արտաքին գործերի խորհրդի կայքում հրապարակված նրա ծավալուն հոդվածում:
Նախկին համանախագահը, որն այժմ դիվանագիտություն և հակամարտությունների կարգավորում է դասավանդում Քենտուկիի համալսարանում, նշում է, որ 2016 թվականի ապրիլից հետո ԱՄՆ, Ռուսաստանն ու Ֆրանսիան դիվանագիտություն են կիրառել բռնությունը կանխելու համար, սակայն այդպես էլ չեն կարողացել վերակենդանացնել հաշտության գործընթացը: Նա հիշեցրել է, որ 2006 թվականից ի վեր Ադրբեջանը 22 մլրդ դոլար է ծախսել զենք ու զինամթրք ձեռք բրելու համար: Քերի Քավանոն նշում է, որ եթե Ադրբեջանի նոր ռազմական և այլ գործողությունների նախապատրաստման մասին կարելի է դատել զորքերի տեղաշարժից, ապա «Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքին հարվածելու Հայաստանի սպառնալիքները պակաս ակնհայտ նախապատրաստման կարիք ունեն»:
Միևնույն ժամանակ, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահը հոդվածում հանդես է եկել մի շարք առաջարկություններով, որոնք հասցեագրված են ԱՄն վարչակազմին: Մասնավորապես, նրա կարծիքով, ԱՄՆ կարող է նախաձեռնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունում, որը դատապարտի յուրաքանչյուր էական ռազմական գործողություն ղարաբաղյան հակամարտության գոտում: «Լրացուցիչ միջոց կարող է լինել սադրիչի բացահայտումը: Աշխատելով գործընկերների հետ` ԱՄՆ հրապարակային դատապարտման, տնտեսական օգնության դադարեցման կամ պատժամիջոցների կիրառֆման ճանապարհով կարող է պատժել, այն կողմին, որը հրահրի զգալի սրում», - կարծում Քավանոն: Հոդվածի վերջում նախկին դիվանագետն ընդգծում է, որ Թրամփի վարչակազմը պետք է մեծ ուշադրություն դարձնի ղարաբաղյան խնդրին և «գործուն կերպով առաջ մղի մարտական գործողությունների կանխմանն ու հաշտության գործընթացին անհրաժեշտ աջակցության ապահովմանը նպատակաուղղված միջոցները»:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին գիշերը շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: Միևնույն ժամանակ, ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տվյալների համաձայն՝ արևելյան ուղղությամբ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր: