Արմինֆո. Ակնայի և Մարտունու ուղղություններում կրած կորուստներից հետո, մանավանդ, որ դրանցից հինգի դիակը դեռևս ընկած են չեզոք գոտում, թվում էր, թե հակառակորդը պիտի որ հետևություն կատարեր և, գոնե, որոշ ժամանակ ձեռնպահ մնար իրադրությունն արհեստականորեն սրելու մտադրությունից: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Սակայն՝ ոչ, ադրբեջանական կողմն՝ իր սովորության համաձայն, ոչ միայն հնարածին տեղեկություններով շարունակեց կերակրել սեփական հանրությանը՝ ներկայացնելով, թե իբր փետրվարի 25-ին խոցել են հայկական ԱԹՍ և մեկ երկարաժամկետ կրակակետ (ДОТ), այլև օրվա վերջերին և այս գիշերվա ընթացքում ականանետային և հեռահար հրետանային միջոցներից հարյուրից ավելի անգամ արկակոծության են ենթարկել ՊԲ առաջնագիծն ու մերձակա խորության տարածքները: Այսքանից հետո առողջ տրամաբանությունը հուշում է, որ մենք գործ ունենք ոչ միայն նենգ և իրականության զգացողությունից զուրկ կողմի (դրանում վաղուց ենք համոզվել), այլ նաև սեփական զինվորի դիակի հանդեպ հարգանքը կորցրած թշնամու հետ», - գրել է Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: