Արմինֆո. Սա նշանակալի օր է Լեռնային Ղարաբաղի համար` երկրի կայացման և զարգացման փուլերից մեկը: Ստեփանակերտում նախօրեին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Մերձդնեստրի խորհրդարանի պատգամավոր Գրիգորի Դյաչենկոն:
«Կարող եմ փաստել, որ մենք առավոտից ի վեր ընտրատեղամասերում էինք, ներկա էինք դրանց երկուսի բացմանը, խախտումներ չեն արձանագրվել: Օրվա ընթացքում եղել ենք 10 ընտրատեղամասերում: Ոչ մի արտառոց դեպք չի արձանագրվել, ամեն ինչ ընթանում էր դրական հունով: Ասեմ մեկ բան. ընտրատեղամասերից մեկում 100% մասնակցություն էր, դա Շուշիի բանտն էր, բոլորը` 16 մարդ, կատարեցին իրենց ընտրությունը», - ասել է Դյաչենկոն: Ընդ որում նա նշել է, որ մարդիկ հանրաքվեի էին գնում` որպես տոնի:
Նախօրեին Լեռնային Ղարաբաղում կայացած սահմանադրական հանրաքվեում 69540 ընտրող «կողմ» է քվեարկել նոր սահմադրությանը: ԼՂՀ ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, «դեմ» քվեարկել է 7686 ընտրող (9,7%): 2202 քվեաթերթիկ (2,8%) ճանաչվել է անվավեր : Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 79425 ԼՂՀ քաղաքացի` ձայնի իրավունք ունեցող 103793-ից: Հանրաքվեի ընթացքին հետևել է 104 օտարերկրյա դիտորդ` աշխարհի 30 երկրներից, ինչպես նաև` 103 տեղացի դիտորդ:
Հիշեցնենք, որ հանրաքվեին ներկայացված հարցը ձևակերպված է այսպես. «Արդյո՟ք համաձայն եք, որպեսզի ներկայացված Արցախի Հանրապետության սահմանադրության նախագիծն ընդունվի որպես Արցախի Հանրապետության սահմանդրություն»: Գործող սահմանադրության համաձայն, ԼՂՀ կիսանախագահական հանրապետություն է, նոր սահմանադրության նախագիծը ենթադրում է կառավարման նախագահական ձև` օրենսդիր իշխանության լայն լիազորություններով: