Արմինֆո.Առաջիկայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում չի նախատեսվում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով առաջիկայում Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով ձևաչափով հանդիպման հնարավորությանն առնչվող հարցին:
Զախարովան նշել է, որ ինքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման վերաբերյալ տեղեկատվություն չունի, և եթե նման տեղեկատվություն հայտնվի, անպայման կկիսի լրագրողների հետ:
Անդրադառնալով փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում նախատեսվող սահմանադրական հանրաքվեին` Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կքննարկվի Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էդվարդ Նալբանդյանի առաջիկա հանդիպման ժամանակ: «Կարող եմ ասել, որ միջնաժամկետ հեռանկարում նախատեսվում են համապատասխան մակարդակի շփումներ ադրբեջանցի գործընկերների հետ: Իհարկե, Լեռնային Ղարաբաղի թեման նույնպես կքննարկվի: Մենք ձեզ այդ մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք», - եզրափակել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարարի հրավերով փետրվարի 21-22-ը պաշտոնական այցով Մոսկվա կմեկնի Հայաստանի արտգործնախարարը: Այցը կդառնա հագեցած ռուս-հայկական երկխոսության շարունակությունը, որը նպատակաուղղված է քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հրատապ հարցերը և արտաքին քաղաքականության արդիական թեմաները` ներառյալ Լեռնայինն Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Հատուկ ուշադրություն կդարձվի ընդհանուր ինտեգրացիոն միավորումների և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության խնդիրների: