Արմինֆո. Ֆրանսիան պետք է պաշտպանի Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող բոլոր նախաձեռնությունները, այդ թվում` Թուրքիայում: Ինչպես հաղորդում է Nouvelle d'Armenie-ն, այդ մասին հայտարարել է Ֆրանսուա Օլանդը` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքի ժամանակ:
Նա նաև կարծում է, որ Թուրքիան պետք է ընթանա Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Ֆրանսիայի նախագահը նաև կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի Բունդեսթագի կողմից և այդ կառույցի ղեկավար Նորբերտ Լամերտի և թուրքական ծագումով պատգամավոր Ջեմ Օզդեմիրի կարևոր դերն այդ հարցում:
Այդ համատեքստում նա հիշեցրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգաբամավոր Գարո Փայլանի մասին, ով Հայոց ցեղասպանության հարցը բարձրացրել է Թուրքիայի խորհրդարանում: Օլանդը նաև հիշեցրել է, որ Թուրքիա այցի ընթացքում հանդիպել է «Ագոսի» նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի այրու հետ: «Ֆրանսիայի պարտքն է պաշտպանել Ցեղասպանության ճանաչմանը նպատակաուղղված բոլոր նախաձեռնությունները, անկախ այն բանից, թե որտեղից են դրանք բխում: Եվ շատ կարևոր է, որ այդ հարցը պետք բարձրացվի Թուրքիայում, որը պետք է ընթանա ճանաչման ուղղությամբ: Այդ հարցի առաջ մղման հարցում մեզ սատարում են մի շարք երկրներ», - եզրափակել է Ֆրանսիայի նախագահը: