Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը խորհրդարանական ընտրություններում կառաջադրվի ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզում: Այդ մասին Արծվիկ Մինասյանը լրագրողներին հայտարարել է փետրվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, ՀՅԴ-ն տվյալ պահին այլ որոշում չունի, ընտրություններին միայնակ մասնակցելուց բացի: Միաժամանակ, ինչպես հայտարարել է նախարարը, որպես ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ՝ բնականաբար, պատրաստակամություն է հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Մինասյանն ավելացրել է, որ կառավարող Հայաստանի հանրապետական կուսակցության հետ քաղաքական համաձայնագիրը կարճաժամկետ չէ և չի ենթադրում աշխատանք ինչ-որ առանձին փուլում: Ընտրություններից հետո հաջողության հասնելու դեպքում, ինչպես նշել է Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ-ն կշարունակի իրականացնել այն ծրագրերը, որոնք նախատեսել են:
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները նշանակված են ապրիլի 2-ին, սակայն շատ քաղաքական ուժեր կարծում են, որ օրվա ընտրությունը հակասում է ՀՀ սահմանադրության և Ընտրական օրենսգրքի դրույթներին, բացի այդ, նրանց կարծիքով, այդ օրը քվեարկության անցկացումն ունի նաև բարոյական համատեքստ, քանի որ ապրիլի 2-ին լրանում է ապրիլյան պատերազմի տարելիցը: Այդ առնչությամբ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դեմ չէ ընտրությունների օրը փոխելուն, եթե լինի լիակատար քաղաքակաան փոխհամաձայնություն, սակայն` ոչ իրավական նկատառումներով, քանի որ, նախագահի կարծիքով, իր որոշումը լիովին համապատասխանում է ՀՀ սահմանադրության և օրենքների պահանջներին, այլ` հենց ելնելով բարոյաէթիկական նորմերից: «Ես նույնպես կցանկանայի ապրիլի 2-ը և հաջորդ մի քանի օրը նվիրել մեր հերոսների հիշատակին», - հայտարարել է Սերժ Սարգսյանը: ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան ապրիլի 9-ին: