Արմինֆո.ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում որոշում է ընդունել թույլատրել միջկուսակցական համատեղ հանձնաժողովի հայտարարած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2017 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ իրականացնելու թվով 2000 ընտրական տեղամասերից 1500-ից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով։ Ընտրական գործընթացի հեռարձակման շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել իշխանությունների և ընդդիմության միջև` թափանցիկ ընտրություններ ապահովելու համար: Իսկ ֆինանսական աջակցություն են տրամադրել միջազգային դոնորական կազմակերպությունները:
Ուշագրավ է, որ ընտրական գործընթացի առցանց հեռարձակումը կապահովի «Յուքոմ» պրովայդերական ընկերությունը, որն, ըստ ԶԼՄ-ների վարկածի, պատկանում է նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: