Արմինֆո.Կիրակի օրը «Բարգավաճ Հայաստանը», Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, Հայոց համազգային շարժում և «Միասնություն» շարժումը դաշինք ստեղծելու վերաբերյալ հուշագիր կստորագրեն: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի քարոզչական հարցերով պատասխանատու Արման Վարդանյանը:
«Դաշինքի ղեկավարը Ծառուկյանը կլինի, սակայն դաշինքը համախմբում չէ անձի շուրջ. այն գաղափարական միավորում է»,- նշել է նա: Ըստ որում, նրա խոսքով, դաշինքն անվանվել է Ծառուկյանի պատվին, քանի որ անցկացված հարցումները ցույց են տվել, որ երկրի քաղաքացիներն իրենց ապագան կապում են նրա անձի հետ:
«Նա դեմ էր դրան, սակայն մենք պնդեցինք այդ անունը, որպեսզի երկրի յուրաքանչյուր քաղաքացի, նույնիսկ ամենահեռավոր գյուղում, իմանա, թե ինչ դաշինք է միավորում Ծառուկյանը»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ հիշյալ պլատֆորմի ստեղծումից հետո քաղաքական այլ ուժեր նույնպես կարող են միանալ դաշինքին:
Վարդանյանն ավելացրել է նաև, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ խորհրդատվական հանդիպումներ են անցկացվել: «Սակայն, հարցը համագործակցության փուլի որոշման մեջ է: Բոլորը կիսում են համախմբվելու և համատեղ ջանքերով բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ մեր դիրքորոշումը, և որ փուլում դա տեղի կունենա՝ տեխնիկական հարց է»,- ընդգծել է նա: Ըստ որում, նա չի բացառել, որ ինչ-որ փուլում տեղի կունենա Ծառուկյանի և Օհանյանի դաշինքների միավորում: «Միավորում՝ ինչպես մեկ դաշինքում, այնպես էլ ընտրություններից հետո ընդհանուր եզրեր գտնելու շուրջ »,- ընդգծել է նա՝ չբացառելով կոալիցիոն կառավարման հնարավորությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններն կմասնակցի «Գագիկ Ծառուկյան» դաշինքի կազմում: ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն՝ դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի Ծառուկյանը, կընդգրկվեն նաև ՀՀՇ առաջնորդ Արարատ Զուրաբյանը և նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը, ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը, «Ալյանսից» Տիգրան Ուրիխանյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, ցուցակում կլինի նաև Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:
Իսկ ահա դաշինքի ռեյտինգային ցուցակը չափազանց հետաքրքիր կլինի. կառաջադրվեն այնպիսի «հեղինակություններ», ինչպես՝ Սերգեյ Հովհաննիսյանը /Կադիլագ Սերոժ/, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը /Վարդանիկ/, նախկին հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը /Ճոյտ/, նախկին սկանդալային պատգամավոր Զորիկ Զոհրաբյանը /Ջիմմի/, Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանը, պատգամավոր Մհեր Սեդրակյանի /Թոխմախի Մհեր/ որդի Դավիթը, ինչպես նաև Ծառուկյանի փեսան՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը: