Արմինֆո. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ ԱՄՆ լավ հարաբերություններն ապագայում կարող են կայունացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը և թուլացնել առկա լարվածությունը, կարծում է ԱՄՆ դիվանագետ, Ռոնալդ Ռեյգանի, Հենրի Քիսինջերի և Ջորջ Շուլցի ավագ խորհրդական Չարլզ Հիլը:
«Առայժմ ղարաբաղյան հակամարտությունն առավել բարդ իրավիճակներից մեկն է աշխարհում, և դրա կարգավորումն ԱՄՆ նոր նախագահ Թրամփի գերակայությունների ցուցակում չէ: Ընդ որում, Վաշինգտոնը ձգտում է լավ հարաբերությունների Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ` ընդունելով տարածաշրջանի մեծ կարևորությունը համաշխարհային հարաբերություններում», - նշել է նա:
Միևնույն ժամանակ, դիվանագետը նշել է, որ առայժմ հնարավոր չէ կանխատեսել, թե Թրամփի նախագահությունն ինչպես կանդրադառնա հարաբերությունների առկա միջազգային համակարգի վրա: Հիլը կարծում է, որ Թրամփի քաղաքականությունը աշխարհի տարբեր երկրների և կազմակերպությունների հետ բանակցություններ վարելն է` առևտրի, ներդրումների և անվտանգության ոլորտներում ԱՄՆ շահերից բխող գործարքների հասնելու համար: Նրա կանխատեսմամբ, նման մոտեցումն ունի միջազգային հարաբերությունների իրական բարելավման հեռանկարներ` բարձրացնելով երկրների միջև փոխգործակցության հաշվեկշռմամ մակարդակը:
Հիլը լավ հնարավորություններ է տեսնում ԱՄՆ և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավման համար, կարծելով, որ Պուտին-Թրամփ գործարքի արդյունքը կարող է լինել Վաշինգտոնի կողմից Մոսկվայի լեգիտիմ ռազմավարական և պատմական շահերի ավելի խորն ըմբռնումը` արտաքին հարցերում նրա ավելի պատասխանատու և պակաս խնդրահարույց վարքագծի դիմաց: Ընդ որում, դիվանագետը azeri.today-ին համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը չի կարող և չպետք է փորձի վերադարձնել Արևելյան Եվրոպայի երկրների տարածքները: Նրա կարծիքով, ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած պետությունները պետք է մնան անկախ և ինքնիշխան:
«Այդուհանդերձ, Ուկրաինայի հարցը կմնա օրակարգում, պահանջելով լուրջ դիվանագիտական ջանքեր: Այդ լույսի ներքո Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի և ԵՄ միջև համաձայնագիրը կհաստատի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը` որպես միջազգային համակարգում ինքնիշխան պետություն, և Ուկրաինան կճանաչի որպես կամուրջ Ռուսաստանի ու եվրոպայի միջև, այլ ոչ թե` նրանց միջև մրցակցության տարածք: Դա կպահանջի վիթխարի դիվանագիտական ջանքեր, սակայն հաջողության հնարավորությունը կարող է մեծանալ Թրամփի և Պուտինի միջև լավ հարաբերությունների ստեղծմամբ», - ամփոփել է դիվանագետը: